ուրբաթ, 4 մարտի 2011
Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի երկրորդ նիստը
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նիստում, ըստ հաստատված օրակարգի, խորհրդի անդամները քննարկել են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վարչապետը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում նախագծի վերաբերյալ հնչած առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել տեսչական բարեփոխումների աշխատանքային խմբին։
Օրակարգի երկրորդ հարցով հավանություն է տրվել ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի մեթոդաբանությանը, որով հնարավորություն կտրվի վերանայել, վերլուծել ու դասակարգել վերահսկման օբյեկտները, ձևավորել տվյալների բազա` ըստ գործունեության ոլորտների և տնտեսվարող սուբյեկտների, ներդնել ստուգումների նպատակադրման առավել արդյունավետ մեխանիզմներ:
Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, ներկայացվել է նաև Պետական հրդեհային տեսչությունում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը: Մասնավորապես, զեկուցվել է 2010թ. հուլիս-2011թ. փետրվար ամիսներն ընդգրկող ժամանակաշրջանում տեսչական բարեփոխումների շրջանակում իրականացված գործողությունների և արդյունքների մասին։
Նիստում քննարկվել է նաև «Քաղաքաշինական գործունեության հսկողության և վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: