չորեքշաբթի, 15 հոկտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Խալիֆա Շահին Ալ Մրրիին (նստավայրը՝ Թեհրան):
Զրույցի ընթացքում, կարևորելով Արաբական երկրների, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, վարչապետը նշել է, որ դրանք նոր խթան են ստացել ՀՀ նախագահի ԱՄԷ կատարած պաշտոնական այցից հետո: Հարաբերությունների ամրապնդման համար, ըստ նրա, հիմք են հանդիսանում ինչպես միջազգային և տարածաշրջանային մակարդակներում Էմիրությունների վարած հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, այնպես էլ երկու երկրների միջև առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցության առկա հնարավորությունները: Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է, երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ֆինանսավորման նպատակով Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի քննարկմանը ներկայացնել մասնավորապես, ճանապարհաշինության, էներգետիկայի և այլ ոլորտներին վերաբերող իր ծրագրերը: Խոսելով տնտեսական հարաբերությունների խթանման հնարավորությունների մասին, Անդրանիկ Մարգարյանը արտահայտվել է նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, ներդրումների խթանման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման օգտին: Կարևորելով համատեղ գործարար համաժողովների անցկացումը, վարչապետը նշել է, որ Հայաստանն այս տարվա դեկտեմբերին ծրագրում է Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպել նմանատիպ միջոցառում՝ երկու երկրների ներդրումային հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Անդրադառնալով Հայաստանի և Էմիրությունների միջև մշակութային կապերի խթանմանը, Անդրանիկ Մարգարյանը կարևորել է հոկտեմբերի 18-ին կայանալիք ԱՄԷ-ի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, հույս հայտնելով, որ 2002 թ. Էմիրություններում անցկացված Հայաստանի մշակութային օրերը կունենան շարունակական բնույթ և առաջիկայում մեր երկրում ևս կանցկացվեն ԱՄԷ-ի մշակութային օրեր:
Դեսպան Խալիֆա Շահին Ալ Մրրին Հայաստանի կառավարության ղեկավարին է փոխանցել իր երկրի վարչապետի ողջույնները: Նա նույնպես հավաստել է Հայաստանի հետ բազմակողմ կապերի ու հարաբերությունների զարգացման իր երկրի կառավարության պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ այդ գործում իր նպաստը կարող է բերել նաև Էմիրություններում հաստատված հայկական ոչ փոքրաթիվ համայնքը: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Էմիրությունների միջև տնտեսական կապերի զարգացման դինամիկայից, դեսպանը նշել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստակամ է անելու հնարավորը՝ երկու երկրների գործարարների համար նպաստավոր պայմանների ստեղծման գործում:
Երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ կարևորելով իրավական հիմքերի ստեղծումն ու ամրապնդումը, կողմերը գոհունակությամբ նշել են, որ արդեն ստորագրված մի շարք փաստաթղթերի կողքին, քննարկման փուլում են նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը: