երեքշաբթի, 15 մարտի 2011
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել։
Oրվա առաջին կեսին ՀՀ վարչապետի անունից ճաշկերույթ է կազմակերպվել` ի պատիվ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսի։ Այսօր ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ժոակիմ Ալմունիայի, ԵՄ էներգետիկայի հարցերի հանձնակատար Գյունթեր Օթինգերի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզոի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեի հետ։
Երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրախորհրդարանի անդամ Մայոր Օրեխայի հրավերով, կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահության անդամների հետ աշխատանքային ընթրիքի։
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։