չորեքշաբթի, 16 մարտի 2011
Մ. Բարոզո. «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը»
Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են առևտուրն ավելի եռանդուն դարձնելուն, ինչպես նաև կառուցվածքային և վարչական կարողությունների ուժեղացմանը։ Նման հայտարարությամբ մարտի 15-ին հանդես է եկել ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։ Բարոզոն նաև նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։
«ՀՀ վարչապետի հետ այս հարցերը քննարկելուց հետո տպավորություն ստացա, որ մեր հայ բարեկամները դրանք ևս գերակա են համարում, ինչը կարևոր է գորածարար ու ներդրումային ոլորտների զարգացման համար»,- նշել է ԵՀ նախագահը։
Նրա խոսքով` ԵՀ-ն աջակցություն է հայտնում ՀՀ-ին տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում` տրամադրելով նաև խորհրդատվական աջակցություն։ «Կարևոր է, անշուշտ, որ իր հանձնառությունները հարգի Հայաստանը, քանի որ հարաբերություններն ավելի խորացնելու և ժողովրդավարական բարեփոխումներն առաջ տանելու անհրաժեշտություն կա»,-ասել է նա։
«Ինչ վերաբերում է տեղաշարժի հարցին, մեր գործընկեր երկրների, նաև Հայաստանի հետ, ես հաճույքով հայտարարում եմ, որ սկսելու ենք բանակցությունները վիզային ռեժիմի հեշտացման ուղղությամբ։ Եվ դա ավելի կդյուրացնի հայաստանցիների ճանապարհորդությունը մեր տարածքներով»,- տեղեկացրել է Բարոզոն։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր։
«ԵՄ-ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը հիմնված է լինելու ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների վրա։ Մենք մտահոգված ենք տարածաշրջանում տեղի ունեցող բախումների առնչությամբ։ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և շարունակում է տարածաշրջանային գործունեությունը զարգացնել` բարիդրացիական հարաբերությունների համատեքստում»,- նշել է ԵՀ նախագահը։
Ըստ նրա` ԵՄ-ն շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը։ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ իրենք շարունակում են քաջալերել գործընթացը, որպեսզի հասնեն այդ պատմական իրադարձության կատարմանը։ Հարցին, թե ինչպես է վերաբերվում ԵՄ-ն հարևան Հայաստանի հետ փակ սահման ունեցող Թուրքիայի` եվրոպական ընտանիքի անդամ դառնալու նկրտումներին, Բարոզոն պատասխանել է. «Հաշվի առնելով տնտեսական բլոկադան և փակ սահմանները երկու երկրների միջև` մենք, անշուշտ, քննարկում ենք Թուրքիայի հետ այս հարցը։ Թուրքիան և Հայաստանը պետք է աշխատեն գործընկերության ոգով և երկխոսության միջոցով հաղթահարեն դժվարությունները։ ԵՄ-ն ցանկանում է տեսնել ընդհանուր հարևանության մեջ հարաբերություններ, որոնք ավելի կայուն և կառուցողական կլինեն»։