չորեքշաբթի, 16 մարտի 2011
Տիգրան Սարգսյան. «Համոզված ենք, որ 2011թ. կկարողանանք բոլոր ոլորտներում արձանագրել հաջողություն»
Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոյի հետ ունեցած բանակցությունները շատ ջերմ է գնահատել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` երկկողմ հանդիպումից հետո ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ: «Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Մենք ունեցանք բովանդակալից խոսակցություն ԵՄ-ի հետ համագործակցության բոլոր օրակարգային հարցերի շուրջ »:
Բարոզոն ներկայացրել իր գնահատականները Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ և ընդգծել բոլոր ոլորտները, որտեղ մենք տեխնիկական աջակցություն ենք ստացել և ունենք համաձայնագրեր, որոնք պիտի կատարենք: «Մենք ուզում ենք ուրախությամբ նշել, որ այդ համագործակցությունը հաջող ընթացքի մեջ է, և մեր այցելության նպատակն է նոր թափ հաղորդել երկկողմ համագործակցությանը»,-ասել է ՀՀ վարչապետը: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին հերթին քննարկվել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հասցրած վնասները ՀՀ տնտեսությանն ու բարեփոխումներին:
«ԵՄ-ի օժանդակությունն էապես օգնեց դիմագրավելու այդ փորձությունը հաղթահարելու դժվարությունները, և այսօր խնդիր է դրված նոր թափ հաղորդել մեր ծրագրերին: Դրանք, նախ և առաջ, մեր համապարփակ համագործակցության ծրագրերն են ԵՄ-ի հետ: Համոզված ենք, որ 2011 թվականին կկարողանանք բոլոր ոլորտներում արձանագրել հաջողություն և պատրաստ կլինենք սկսել նաև համապարփակ համաձայնագրի բանակցությունները»,-ասել է ՀՀ կառավարության ղեկավարը` շնորհակալություն հայտնելով ԵՀ նախագահին ու ԵՄ գործընկերներին ցուցաբերած օժանդակության համար:
Արդյոք բարեփոխումներին նոր թափ հաղորդելու գործընթացում Հայաստանը ԵՄ-ից վարկային որոշ միջոցներ կամ այլ ակնկալիքներ ունի՞, բացի գործընկերության ծրագրերով նախատեսված միջոցներից, հարցին ի պատասխան` ՀՀ վարչապետը նշել է, որ ԵՀ նախագահին ներկայացվել է իրականացվող բարեփոխումների ծրագիրը և դրանց նոր թափ հաղորդելու ցանկություն: «Անշուշտ հասկանալի է, որ բարեփոխումների կարողությունն անհրաժեշտ է ամրապնդել: Մյուս կողմից անհրաժեշտ է նաև զսպել այն ռիսկերը, որոնք բացահայտվում են այդ բարեփոխումներն իրականացնելու պարագայում:
Մասնավորապես` հարկային և մաքսային վարչարարության համարձակ բարեփոխումներ իրականացնելու պարագայում խնդրել ենք մեր գործընկերներին, որպեսզի ստեղծվի մի բուֆերային հիմնադրամ, որը կարող է անհրաժեշտության դեպքում ապահովել մակրոտնտեսական կայունությունը, եթե հարկային հավաքագրումների հետ կապված խնդիրներ առաջանան: Մենք պայմանավորվեցինք, որ այս հարցը կքննարկենք եվրոպական փորձագետների հետ և կներկայացնենք մեր բարեփոխումների ծրագրերը»,- տեղեկացրել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին Ժ. Բարոզոն նշել է. «Խոստացել ենք, որ աջակցություն կցուցաբերենք Հայաստանին: Մեր թիմերը կաշխատեն միմյանց հետ և կառանձնացնեն այն ոլորտները, որոնցում տեխնիկական աջակցություն պետք է ցուցաբերվի: Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ապա մենք նման օժանդակություն ցուցաբերել ենք Հայաստանին, և քանի որ Հայաստանի Հանրապետությունը մակրոտնտեսական մարտահրավերների առջև է կանգնած, ապա կքննարկենք հարցը` զարգացումների առումով: Կարևորն այն է, որ Հայաստանը շարունակի բարեփոխումները, և ԵՄ-ն Հայաստանի կողքին կլինի»: