հինգշաբթի, 16 հոկտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին:
Զրույցի ընթացքում կողմերը հավաստել են, որ Հայաստանի և Բելառուսի միջև առկա հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան, ընդհակառակը՝ գոյություն ունի փոխշահավետ գործակցության մեծ ներուժ: Հայ-բելառուսական տնտեսական կապերի զարգացման խնդրում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախարար Սերգեյ Մարտինովը կարևորել են երկու երկրների միջև հաճախակի դարձած շփումները, փոխադարձ այցելությունները, ինչպես նաև 1999թ. ստեղծված միջկառավարական համատեղ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, որի 5-րդ նիստը օրերս տեղի ունեցավ Երևանում: Նրանք գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Բելառուսի միջև ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալների աճը, որն այս տարվա 8 ամիսներին 2002թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման գծով կազմել է ավելի քան 61 տոկոս: Որպես տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններ, կողմերը նշել են գիտության և տեխնիկայի, այդ թվում բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էներգետիկայի բնագավառները, ընդգծելով գործարարների միջև անմիջական շփումների կարևորությունը: Սերգեյ Մարտինովը նշել է, որ այս օրերին Երևանում է գտնվում Բելառուսի գործարարների պատվիրակությունը՝ իրենց գործընկերների հետ համագործակցության հնարավորություններին ծանոթանալու նպատակով, ինչը, նրա խոսքերով, մեծ խթան կարող է դառնալ երկկողմ գործարար կապերի զարգացման համար: