ուրբաթ, 17 հոկտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռոսսին:
Ընդգծելով հայ-լեհական քաղաքական հարաբերությունների բավարար մակարդակը, կողմերը նշել են երկու երկրների միջև նաև տնտեսական գործակցությունը խթանելու անհրաժեշտությունը: Անդրանիկ Մարգարյանը և Վիկտոր Ռոսսը խոսել են երկու երկրների տնտեսական վիճակի, գործարար միջավայրի, ծրագրերի վերաբարյալ միմյանց տեղեկություններ փոխանցելու, գործարարների միջև գործընկերական կապերի հաստատմանն աջակցելու կարևորության մասին, այդ ամենում մեծ դեր վերապահելով առևտրաարդյունաբերական պալատներին, տվյալ ոլորտը համակարգող նախարարություններին ու գերատեսչություններին: Համատեղ գործարար համաժողովները, ցուցահանդես-վաճառքները, փոխադարձ այցերը, ըստ զրուցակիցների, բարենպաստ պայմաններ կստեղծեն Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառության աճի և տնտեսական համագործակցության ակտիվացման համար: Կողմերը նշել են, որ ներկայումս համագործակցության լավ հնարավորություններ կան, մասնավորապես, արդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի, գիտության և կրթության, մշակույթի ոլորտներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև վերջին տարիներին Լեհաստանում անօրինական բնակություն հաստատած մեր հայրենակիցների խնդիրներին: ՀՀ վարչապետը և Լեհաստանի դեսպանը հավաստել են համատեղ ուժերով դրանց լուծումները գտնելու պատրաստակամությունը: