չորեքշաբթի, 23 մարտի 2011
Գարու սերմացուն կտրվի առավել աղքատ համայնքներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել 2011թ. գարու արտադրության զարգացման ծրագրի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, մարզպետներ:
Տիգրան Սարգսյանի խոսքով, 2000 տոննա սերմացուն հանրապետություն է բերվելու ոչ միայն սերմնաբուծությունը զարգացնելու, այլև մի քանի հիմնական խնդիրներ լուծելու նպատակով:
"Քննարկումների ժամանակ բազմիցս արձանագրվել է, որ մշակվող հողատարածքները կրճատվում են: Պետության այս ծրագիրը նպատակ ունի խրախուսել գյուղացիներին` այդ հողերը մշակելու հարցում",-ասել է կառավարության ղեկավարը` ընդգծելով, որ այս օգնությունը առաջին հերթին պետք է հասնի առավել աղքատ համայնքներին, որտեղ կան սոցիալապես կարիքավոր մարդիկ: Կարևորելով հենց այդ թիրախային խմբին գարու սերմացուով ապահովելու հարցը, վարչապետը նշել է, որ չպետք է խաթարվի արդարության սկզբունքը:
"Հանրապետությունում գարու սերմացուի պահանջարկը 11 հազար տոննա է, մենք բերում ենք 2000 տոննա: Հասկանալի է, որ մենք բոլորին չենք կարող բավարարել, այլ միայն պահանջարկի 20 տոկոսը: Կարծում ենք` արդյունքում մի կողմից կունենանք աճ գյուղատնտեսության ոլորտում, մյուս կողմից էլ` մշակվող հողերի ավելացում",- ասել է վարչապետը:
Նշենք, որ Տարածքային կառավարման նախարարությունն այսօր վարչապետին է ներկայացնելու Հայաստանի Հանրապետության առավել կարիքավոր 200 համայնքների ցուցակը: Այդ ցուցակները կտրվեն նաև մարզպետներին` բաշխում կատարելիս սերմացուն առաջին հերթին առավել աղքատ համայնքներին տալու համար:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ծրագիրը գտնվելու է իր անմիջական վերահսկողության ներքո: