երեքշաբթի, 21 հոկտեմբերի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մոհամադ Ալի Սոբհանոլլահիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում, վարչապետը մեծապես կարևորել է Արևելյան Ատրպատականի նահանգի դերը, այն առանձնակի ընդգծելով երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանման և տրանսպորտային փոխադրումների ընդլայնման տեսանկյունից: Անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև բավականին հաջողությամբ զարգացող համագործակցությանը՝ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այն որոշակիորեն նպաստում է երկու երկրների սահմանամերձ այդ տարածաշրջանների տնտեսական առաջընթացին, բնակչության զբաղվածության աճին ու կենսամակարդակի բարձրացմանը. «Մենք խոսքից անցել ենք գործի և այդ գործը շարունակական է լինելու», - ասել է ՀՀ վարչապետը, նկատի ունենալով մի շարք բնագավառներում՝ գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, էներգետիկա և այլն, արդեն որոշակի ծրագրերի իրագործումը, հայ և իրանցի գործարարների միջև գործընկերային հարաբերությունների հաստատումը: Իրանի իր գործընկերոջը ուղեկցող ՀՀ Սյունիքի մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել Սյունիքի մարզին սերմացուով և վառելիքով պարբերաբար աջակցելու՝ Ատրպատականի հոգածության համար:
Նահանգապետ Մոհամադ Ալի Սոբհանոլլահին Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ հակիրճ ներկայացրել է Արևելյան Ատրպատականի տնտեսական վիճակը, ներուժը, նշելով, որ ՀՀ վարչապետի հիշատակած ոլորտներում, իրոք, գործակցելու և առկա ներուժը լիարժեք օգտագործելու լայն հնարավորություններ կան: Ըստ նրա, փոխշահավետ նախաձեռնությունների՝ ՀԷԿ-երի կառուցման, տարանցիկ փոխադրումների (այդ թվում եռակողմ՝ Հայաստան-Վրաստան-Իրան); սահմանամերձ առևտրի աշխուժացման ուղղությամբ բավականին անելիքներ կան, որոնք կենսագործելու համար պատրաստ են իրենցից կախված հնարավոր ամեն ինչ անել: ՀՀ վարչապետը ևս իր և կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել առաջացող խնդիրները օպերատիվ կարգով քննարկելու և լուծելու, ընդգծելով, որ դրանք ոչ միայն սահմանամերձ երկու մարզերի, այլև երկու պետությունների համար կարևոր նշանակության խնդիրներ են: