Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 մարտի 2011

Առաջնահերթ խնդիր է սննդամթերքի անվտանգության ապահովումը




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը, վարչապետն ասել է. «Վեց ամիս առաջ վարչապետի վերահսկողական ծառայությունը սննդի անվտանգության վարչության հետ հետազոտություններ է կատարել պանրի արտադրության ոլորտում և հայտնաբերել լրջագույն խնդիրներ։ Սննդամթերքի անվտանգությունը մեզ համար ունի էական նշանակություն, և Եվրամիության հետ համագործակցության մեր 4 ուղղություններից մեկը հենց վերաբերում է սննդի անվտանգությանը։ Մենք պետք է կարողանանք պատշաճ կանոններ հաստատել, որոնք կհամապատասխանեն Եվրոպայի լավագույն ստանդարտներին« որպեսզի սննդամթերքի համար բացվեն եվրոպական շուկաների ճանապարհները։ Անհրաժեշտություն կա, որպեսզի 6 ամիս անց մենք ևս մեկ անգամ կրկնենք այս գործառույթը և տեսնենք, թե վերացվե՞լ են թե ոչ նախորդ ստուգումներով բացահայտված խախտումները, թերությունները, որովհետև այն փաստերը, որ արձանագրվել էին, խիստ վտանգավոր էին և մտահոգիչ։ Մենք բյուջեից գումարներ ծախսեցինք, տասնյակ խանութներից հավաքեցինք պանիրը և անցկացրինք լաբորատոր ստուգումներ։ Եվ արդյունքներն իսկապես խիստ մտահոգիչ էին, ուստի այն ժամանակ կիրառվեցին համապատասխան պատժամիջոցներ և հանձնարարականներ։ Պետք է նորից անդրադառնանք այս խնդրին և այս անգամ արդեն հրապարակային ներկայացնենք մեր ստուգումների արդյունքները»։
Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը։ Կենսաթոշակների վճարման գործընթացը կանոնակարգելու և կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգում (կենսաթոշակների վճարման ցուցակներում) ներառված կենսաթոշակառուների տվյալները ճշտելու նպատակով կառավարությունը որոշել է սահմանել« որ մինչև կենսաթոշակառուների անհատական տվյալները ճշտելը կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարվելու են միայն «Հայփոստ» ՓԲԸ և առևտրային բանկերի միջոցով։ Այս թեմայով պարզաբանմամբ հանդես է եկել Տիգրան Սարգսյանը (վարչապետի խոսքը կայքում տեղադրվում է առանձին)։
Գործադիրը հավանություն է տվել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման միջոցառումների ծրագրի ժամանակակցույցին։ ՀՀ վարչապետի խոսքով՝ սրանով սկիզբ է դրվում շատ լուրջ բարեփոխման, որպեսզի ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումն իրականացվի ոչ թե փաստաթղթերի հետ աշխատանք կատարելով, այլ միասնական համակարգ ձևավորելով, բավարար տեխնիկատնտեսական, ինչպես նաև արդիական տեղեկատվական շտեմարանների առկայության պայմաններում։
 

 

Անհրաժեշտ են ինստիտուցիոնալ փոփոխություններ


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Ծրագրի շահառուներն են աղքատ կին և տղամարդ մանրածավալ արտադրողները, պտղի և ընկուզեղենի արտադրության հիմնական օղակները, ինչպես նաև Հայաստանի լեռնային անապահով համայնքների ամբողջ բնակչությունը։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում իրականացվելիք ծրագիրը, վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, վերջին շրջանի 4 ծրագրերից է, որի վերաբերյալ դրական կարծիք է տվել նաև Համաշխարհային բանկը։ Սովորաբար կառավարության վրա գործադրվող ճնշումների էությունը պարզ է` փող բաժանեք գյուղատնտեսության ոլորտի շահառուներին։ Բայց դա հարցի լուծում չէ, անհրաժեշտ են ինստիտուցիոնալ փոփոխություններ, ինչին միտված է այս ծրագիրը։
ՀՀ կառավարությունը հաստատել է տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման և վարման իրավունքի վկայականների տրամադրման կարգը, որի կիրառմամբ էապես կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։
ՀՀ կառավարության որոշմամբ Արաքս գետի ձախակողմյան ափի երկայնքով գետավազի արդյունահանումը թույլատրվում է հանքային իրավունք ունեցող միայն այն կազմակերպություններին, որոնք կապահովեն ափապաշտպան ինժեներական կառույցների պահպանումը, վերականգնումը և կառուցումը` բացառելով գետի հունի խախտումը։
ՀՀ կառավարությունը շարունակել է նախորդ նիստում սկսած արտոնագրման ենթակա գործունեության տեսակների կրճատումը, ինչի նպատակը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների կատարումն է։
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ իր նախկին որոշումներում` դրանով իսկ ապահովելով աղետի գոտում կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակարանների, բնակելի տների և դրանց կառուցապատման հողատարածքների պետական գրանցումը, այդ նպատակով նախատեսված վճարումները` 113,489.0 հազար դրամ։ Նույն ընթացակարգով 39,586.0 հազար դրամ է հատկացվել Գյումրի, Սպիտակ քաղաքներում, ինչպես նաև Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային շինարարության ծրագրով կառուցվող բնակարանների հատկացման և բաշխման գործընթացի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերի ֆինանսավորման համար։ Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված 2011թ. իրականացվող պետական աջակցության ծրագրերով շահառուների ցուցակները ճշտելու համար բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննություններ իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը 2011թ. երկրորդ եռամսյակում հատկացվել է 15,000.0 հազար դրամ։
Գործադիրը որոշել է Կոտայքի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող Զառի գյուղական համայնքի նախկին միջնակարգ դպրոցի շենքը, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը հետ վերցնել և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հանձնել համայնքին` այն վերակառուցելու, բարեկարգելու և որպես համայնքային մանկապարտեզի շենք օգտագործելու պայմանով։
Կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի վարչական սահմանում գտնվող Սևան ազգային պարկի ռեկրեացիոն տարածքում «Հայերը և ծովը» հասարակական կազմակերպությանը Հայաստանում առագաստային սպորտի զարգացման նպատակով առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվել է 1,31 հեկտար հողամաս։


Հստակեցվում են հյուպատոսական ընթացակարգերը


ՀՀ կառավարությունը հաստատել է`
- «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը» և տրման կարգը, որոնց նպատակն է ստեղծել այդ փաստաթղթերի տրամադրման իրավական հիմք և ձևականացնել առկա պրակտիկան։ Խնդրո առարկային վերաբերող երեք որոշումների առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ դրանք վերաբերում են պետության կողմից տրամադրվող ծառայություններին, որոնցից քաղաքացիներն հաճախ դժգոհ են մնում։ Ընդունված փաստաթղթերը միտված են ծառայությունների որակի բարձրացմանը։ Այժմ կառավարությունն անցկացնում է պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների մոնիտորինգ։ Եկել է պահը, երբ պետք է պարզել, թե ինչ են արել նախարարություններն ու գերատեսչությունները, որպեսզի բարձրանա ծառայությունների որակը և նվազեն կոռուպցիոն ռիսկերը,
- պետական ռեգիստրի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) մասին տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ տրամադրելու կարգը, որի համաձայն գրանցվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ստիպված չեն լինի նույն փաստաթղթերը ներկայացնել նաև հարկային մարմին, այսինքն` կներդրվի «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքը,
- ՀՀ արտաքին գործերի նախարարության և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից փաստաթղթերի հյուպատոսական վավերացման կարգը, որի նպատակն է կանոնակարգել տրվող փաստաթղթերի կամ գրանցված ակտերի վավերացումը` դրանց իրավական ուժ տալու համար, հստակեցնել գործընթացի պատասխանատուներին և ժամկետները։
Իր որոշումներով գործադիրը հավանություն է տվել սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային դիաբետի դեմ պայքարի ռազմավարություններին և դրանցով նախատեսված ժամանակացույցերին, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև բանակցված «Ֆինանսավորման շրջանակային համայնքներին և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի վարկային համաձայնագրին։


Հարկային արտոնությունները փոխարինվում են բյուջետային ֆինանսավորմամբ


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է հարկումից խուսափելու հնարավորություններ պարունակող հարկային արտոնությունները փոխարինել բյուջետային ֆինանսավորման գործիքներով։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության արտոնագրերի պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության և դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։
Գործադիրը քննության է առել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանը և Հովհաննես Սահակյանը։ Նախագծի ընդունումը, ըստ հեղինակների, բխում է ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումից։ Կառավարությունը սկզբունքային առարկություն չի արտահայտել նախագծի վերաբերյալ` միաժամանակ տեղեկացնելով, որ կառավարությունում մշակվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նոր նախագիծ։ ԱԺ նույն պատգամավորներն հանդես են եկել օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և որը նույնպես պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ։ Գործադիրն առաջարկել է նախագիծը խմբագրել, որից հետո միայն կարող է ընդունելի լինել պատգամավորների նախաձեռնությունը։
Իր նիստում կառավարությունը քննարկել է ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ մաքսային օրենգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Երևանի ուղևորատար միկրոավտոբուսների թիվը համապատասխանեցնել քաղաքի գլխավոր հատակագծի պահանջին` 19,2 տոկոսի, մինչդեռ այժմ ուղևորափոխադրման շուրջ 90 տոկոսն իրականացվում է միկրոավտոբուսներով։ Արդարացված համարելով հեղինակների մտահոգությունը, կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագիծը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև նորերն է հատուցում, ուստի դեմ է օրենսդրական այս նախաձեռնությանը։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Կառավարությունը որոշել է ֆինանսավորել 2011թ. ապրիլի 17-ին կայանալիք Արմավիրի մարզի Հովտամեջի, Նոր Արմավիրի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Գործադիրն իր որոշումներով փոփոխություն է կատարել Արարատի մարզի Դիտակի և Ջրաշենի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում` դրանք փոխադրելով այլ կատեգորիաներ` հասարակական կառուցապատման և գերեզմանատան ընդլայնման, մանկապարտեզի շենքի կառուցման համար։
Կառավարությունն իր որոշմամբ հաստատել է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Ռուբեն Միրզախանյանի ընտրության արդյունքը։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ