երկուշաբթի, 28 մարտի 2011
Գարու սերմացուն կբաշխվի գյուղացիներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Արարատի մարզի «Մասիս» երկաթգծի կայարան, որտեղ ներկա է գտնվել Հայաստան ներմուծված գարու սերմացուի առաջին խմբաքանակի բեռնաթափմանը։ Նախատեսվում է, ավելի քան 2000 տոննա սերմացու ներկրել հանրապետություն՝ սերմնաբուծության զարգացման, այլև մի քանի հիմնական խնդիրների լուծման նպատակով: Ուկրաինայից Հայաստան է բերվել 189 տոննա գարու բարձրակարգ սերմացու:
Գյուղատնտեսության պատասխանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են ներկրված սերմացուի որակի մասին, նշելով, որ առաջին վերարտադրողական սերմացուն կտրվի հանրապետության սոցիալապես անապահով համայնքների ներկայացուցիչներին։ Նախատեսվում է, որ գարու 1 կգ սերմացուից կստացվի 5-6 անգամ ավելի բերք։
Ներկրված սերմացուն կբաշխվի Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերի, իսկ առաջիկայում ներկրվող սերմացուն կտրվի բարձրադիր գոտիների գյուղացիական տնտեսություններին։