հինգշաբթի, 31 մարտի 2011
Անապահով խավի համար բնական գազը կէժանանա
Այսօր Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը, տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստն սկսվել է Արագածոտնի մարզպետի 2010թ. գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հաշվետվությամբ, որով հանդես է եկել մարզպետ Սարգիս Սահակյանը։ Նա ըստ բնագավառների ներկայացրել է նաև մարզի համար առանձնահատուկ որոշ հիմնախնդիրներ և գերակայություններ, պատասխանել վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցերին։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։ Ի գիտություն է ընդունվել նաև Արագածոտնի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։
Կօգտվի 60 հազար ընտանիք
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին։ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին առաջարկվել է 2011թ. ապրիլի 1-ից մինչև 2012թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից 300 խմ բնական գազի քանակության համար վճարումները գանձել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնից նվազեցված գնով ամսական մինչև 10 հազար խմ սպառման դեպքում` 1000 խորանարդ մետրի համար հարյուր դրամ (ներառյալ ԱԱՀ)։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` սույն որոշումից կօգտվի երկրի շուրջ 60 հազար անապահով ընտանիք, այն է` իրականություն կդառնա ՀՀ Նախագահի ուղղակի հանձնարարականը։ Սա սոցիալական լուրջ միջոցառում է։
Կարգավորվում է ավտոմեքենաների տեխզննումը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ-ում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը, որի համաձայն տարբերակված մոտեցում կցուցաբերվի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի, կտրոնների տրամադրման և հաշվառման սկզբունքներում։ ՀՀ վարչապետն ասել է, որ տվյալ խնդիրը կարգավորվում է պետության կողմից երկրի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների համապատկերում։ Կառավարության իրականացրած մոնիտորինգի արդյունքում բացահայտվել են բազմաթիվ թերություններ, մասնավորապես այն, որ ավտոմեքենաների տեխզննությունը ձևական բնույթ է կրում, ավելին, քաղաքացիներն օրենսդրությամբ չսահմանված վճարումներ են կատարում կամ նույնիսկ ավտոմեքենաներն ընդհանրապես չեն ներկայացնում տեխզննման։ Հասկանալի է, որ կառավարությունը չէր կարող հանդուրժել այս իրավիճակը։ Ընդունված որոշումը թույլ է տալիս, որպեսզի շուկան լինի ինքնակարգավորվող, քաղաքացիներն իրենք ընտրեն տեխզննման այն երեք տասնյակ կայաններից մեկը, որտեղ կուզենային անցկացնել այդ գործընթացը։ Վարչապետի հավաստմամբ` հաջորդ քայլը լինելու է տվյալ խնդրի լուծման մեջ ապահովագրական ընկերությունների ներգրավումը, ինչի շնորհիվ կգործի փոխվերահսկողության սկզբունքը։ Մեծ հաշվով խոսքը վերաբերում է մեր քաղաքացիների անվտանգությանը, վթարների նվազեցմանը։ Կառավարության որոշմամբ առաջարկվող լուծումն առաջին քայլն է և իբրև լուծման նոր մեխանիզմ կարող է ճշգրտման կարիք ունենալ։ Համապատասխան աշխատանք պետք է կատարել տեխզննման կայանների հետ։ Մի բան պարզ է` մեր երկրի առնվազն 300 հազար քաղաքացիներ ոչ միայն կապահովեն երթևեկության անվտանգությունը, այլև կազատվեն տարեկան շուրջ 5 հազարական դրամ անտեղի մուծելու անհրաժեշտությունից։
Գյուղատնտեսությունը համակողմանի աջակցություն կստանա
ՀՀ կառավարության ընդունած մի շարք որոշումներ ուղղված էին գյուղատնտեսության ոլորտի աջակցությանը։ Գործադիրը հաստատել է 2011թ. ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները։ Տիգրան Սարգսյանի խոսքով սա այն խնդիրն է, որը մշտապես մտահոգում է գյուղացիներին։ Այս տարի ևս կառավարությունը մոտ 4 մլրդ 200 մլն դրամ է հատկացնում ոռոգման ջրի ծախսը հոգալու նպատակին` դրանով իսկ կանխելով ջրի սակագնի բարձրացումը։ Այսպիսով, ոռոգման ջրի տարեկան ծախսի շուրջ 60 տոկոսը հոգում է պետությունը։
Հաջորդ որոշմամբ հաստատվել է 2011-2012թթ. գարնանացան գարու սերմնարտադրության զարգացման ծրագիրը։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նկատել է, որ առաջիկայում կառավարությունը, ընդառաջելով մարզերից ստացված առաջարկություններին, մտադիր է առաջնությունը տալ ոչ թե սերմնաբուծության զարգացմանը, այլ սոցիալական ծրագրերին։ Սակայն չի բացառվում, որ սերմի ներմուծումը դարձյալ կազմակերպվի։ Անցած տարի առաջին անգամ ներկրվեց ցորենի էլիտար սերմացու, որպեսզի հինգ տարվա ընթացքում դրա արտադրությունը հասցվի 27 հազար տոննայի։ Գարու պահանջարկը, որն ավելի պակաս է` 11 հազար տոննա, բավարարվում է այս տարվանից, երբ սկսվեց գարու սերմացուի ներկրումը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 200,000.0 հազար դրամ` ՀՀ ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների 4 տոկոսային կետին համարժեք չափով սուբսիդավորման նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը միջոցներ է հատկացնում երեք ծրագրի համար։ Առաջինով աջակցություն է ստանում օրգանիկ պարարտանյութ արտադրող ազգային ընկերությունը, որն այս տարի պատրաստ է բավարարել դրա պահանջարկի կեսը։ Երկրորդ ծրագիրն առևտրային բանկերի միջոցով գյուղացիներին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրումն է։ Երրորդով մի քանի մարզերում գյուղացիական վարկերի տոկոսադրույքների սուսիդավորման համար հատկացվել էր 100 մլն դրամ, և այդ գումարն արդեն իսկ օգտագործվել է: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ավելացնել գումարի չափը, որպեսզի վարկերը հասանելի լինեն սահմանամերձ շրջաններում. պայմանագիր ստորագրած 2000 տնտեսություններից 700-ն արդեն ստացել են վարկային միջոցները։
Ձևավորվում է սոցիալական բնակարանների ֆոնդը
Կառավարության որոշմամբ փոփոխվել և լրացվել է ավելի վաղ ընդունված որոշումներից մեկը, որի համաձայն 2011թ. երկրորդ եռամսյակում կշարունակեն սուբսիդավորվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով նախկինում տրամադրված վարկերի տոկոսավճարները, ինչպես նաև կսուբսիդավորվեն նոր տրամադրված վարկերի տոկոսավճարները։ Մեկ այլ որոշմամբ հանրապետությունում առաջին անգամ ձևավորված սոցիալական բնակարանների ֆոնդի բաշխման իրավունքը վերապահվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը 90 տոկոսով իրականացվում էր Երևան քաղաքում։ Մարզերի շահառուների համար վարկերի տրամադրման արտոնություն սահմանելու շնորհիվ պատկերը կտրուկ փոխվել է, և ծրագիրը թափ է առնում մարզերում, մի հանգամանք, որը նպաստում է տարածքների համաչափ զարգացմանը։ Ինչ վերաբերում է սոցիալական բնակարանների ֆոնդի ստեղծմանը, ապա սա, վարչապետի բնորոշմամբ, առաջին քայլն է։ Բնակչության անապահով խավին բնակարաններ կտրամադրվեն արդեն իսկ կառուցված և կառուցվող շենքերում։
Կվերականգնվի «Գյումրի-2» ենթակայանը
ՀՀ կառավարությունը հաստատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ Կովկասյան նախաձեռնության շրջանակում իրականացված «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում» վարկային ծրագրի գլխավոր կապալառուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Ալսթոմ Գրիդ ԳմբՀ» ընկերությունը։ Պայմանագրային բանակցության արդյունքում այն պարտավորվել է օպտիկամանրաթելային մալուխը մոնտաժել դրա համար առաջարկված ամենացածր գնով։ Պայմանագրի ընդհանուր արժեքն է 12283696,41 եվրո։
Գործադիրը թույլատրել է «Արմավիա» ՍՊԸ կողմից մաքսային հայտարարագրով ներմուծված Ա-320 օդանավի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2013թ. օգոստոսի 13-ը։
ՀՀ որոշ համայնքներում գտնվող ուղևորային կառամատույցներում և երկաթուղային գծանցներում ուղևորափոխադրումների սպասարկման որակի բարձրացման նպատակով կառավարությունը որոշել է այդ կառամատույցներն ու գծանցներն ամրացնել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, ինչը հնարավորություն կտա նպաստել դրանց վերակառուցման, սպասարկման ու նորոգման աշխատանքին, երթևեկության անվտանգության կարգավորմանը։
10-ի փոխարեն կտրամադրվի 15 ավտոմեքենա
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած իր «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ և սահմանել, որ ս.թ. մայիսի 1-ից սկսած (ապրիլ ամսվա արդյունքով) ՀԴՄ կտրոնների յուրաքանչյուր վիճակահանությանը 10-ի փոխարեն կտրամադրվի 15 ավտոմեքենա, միաժամանակ կդադարեցվի դրամական պարգևավճարների վճարումը։ Մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ շահումով խաղերի արտոնագիր և հարակից փաստաթղթեր կարելի է ստանալ ոչ միայն առձեռն կամ փոստով, այլև էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը, արտոնագրման գործընթացի պարզեցմանն ու թափանցիկության ապահովմանը։ Լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրն ակնկալում է էականորեն կրճատել «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման համար պահանջվող ժամանակը, նվազեցնել մաքսային մարմնի և տնտեսվարող սուբյեկտի շփումները և ձևավորել մաքսային ձևակերպման փուլերի ժամանակահատվածների վիճակագրական տվյալների բազան։
Իր նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2011թ. համալիր ծրագիրը, ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակը, որը նպաստելու է Բոլոնիայի գործընթացի մասնակից երկրների բարձրագույն կրթության համակարգերի համադրելիությանը, կրթության և տնտեսության կապերի ամրապնդմանը, միջազգային մրցունակության բարձրացմանը։
Այլ հարցեր
Գործադիրը հաստատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը և սահմանել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառուցվածքը։
Կառավարությունը հաստատել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագիծը։ Երկու այլ որոշմամբ Կոտայքի մարզի Մեղրաձորի և Արարատի մարզի Նորամարգի գյուղական համայնքների հողերի մի մասը փոխադրվել է այլ կատեգորիա` համապատասխանաբար հասարակական կառուցապատման և փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության, ինչպես նաև ավազի արդյունահանման համար։