ուրբաթ, 1 ապրիլի 2011
Պետական օժանդակություն ներդրումային ծրագրին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է PepsiCo International-ի հայաստանյան ներկայացուցիչ «Ջերմուկ ինթերնեյշնլ» ընկերություն՝ ծանոթանալու եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաստեղծ ձեռնարկությունում իրականացվող աշխատանքների ընթացքին։
Մի շարք ապրանքային նշաններով կարբոնացված քաղցրահամ ըմպելիքների արտադրության կազմակերպման նպատակով դեռևս անցյալ տարի «Ջերմուկ ինթերնեյշնլ» ՍՊԸ կողմից ներմուծվել է ավելի քան 2,8 մլրդ դրամ արժողությամբ սարքավորումներ, որի համար ՀՀ կառավարության 2010 թ. նոյեմբերի 11-ի N 1437-Ա որոշմամբ իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի շուրջ 560 մլն դրամի վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2013 թվականի հոկտեմբերի 25-ը։
Ձեռնարկության գործարկումն ու պաշտոնական բացումը նախատեսված է 2011 թվականի մայիսին. հատկանշական է, որ հիմնական արտադրատեսակներն իրացվելու են ՀՀ տարածքում, իսկ վերադարձվող ապակե շշերով արտադրանքը նաև կարտահանվի Վրաստան։ Նախատեսվում է, որ կստեղծվի 250 աշխատատեղ` մասնավոր հատվածում միջինից բարձր աշխատավարձով։
Պատվիրված է և առաջիկայում կտեղադրվի PepsiCo International ընկերության բրենդներով բնական հյութի արտադրության նոր հոսքագիծ, որի արտադրատեսակները կիրացվեն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: