երեքշաբթի, 21 հոկտեմբերի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների պատվիրակությանը, որի կազմում են համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը, տնօրենների խորհրդի նախագահ Փիթեր Ոսպիկյանը, փոխնախագահ Անտոնի Պարսամյանը և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:
Պատվիրակության անդամները ՀՀ վարչապետին տեղեկացրել են իրենց հերթական այցի նպատակը, այն է՝ հայրենիքում քննարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ կապված ներկայիս զարգացումները, Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների գործակցության ընթացքը, ծրագրերը, ինչպես նաև ներկայացնելու Ամերիկայի հայկական համագումարի ձեռքբերումները, խնդիրներն ու առաջիկա անելիքները:
Ընդգծելով, որ իրենց առաքելությունը ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործելն է, Միացյալ Նահանգներում Հայաստանի շահերը լավագույնս ներկայացնելը և երկու երկրների միջև համագործակցությունը խթանելը՝ Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել այդ ուղղությամբ իրենց հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու: Նրանք նշել են, որ համակարգված գործելու նպատակով հաճախակիացնելու են այցերը Հայաստան, Հայաստանի իշխանությունների և քաղաքական ուժերի հետ քննարկելով ընդհանուր նպատակից բխող խնդիրների լուծման ուղիները, այդ գործում Ամերիկայի հայկական համագումարի աջակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը կարևորելով ԱՀՀ առաքելությունը, Հայոց պետությանը հնարավորինս օգտակար լինելու մեր հայրենակիցների ձգտումը՝ նշել է, որ կազմակերպության ներուժը լիարժեք և արդյունավետ օգտագործելու համար, իրոք, անհրաժեշտ է կանոնակարգել համագործակցությունը, մշակել նոր գործուն մեխանիզմներ: Կառավարության հետ կապված վարչապետը, մասնավորապես, կարևորել է Հայաստանից դուրս նրա գործունեության, դիրքորոշումների վերաբերյալ ժամանակին, ամբողջական և ճշգրիտ տեղեկատվության տարածումը՝ այդ հարցում մեծ դեր վերապահելով նաև Ամերիկայի հայկական համագումարին: Անդրանիկ Մարգարյանը ներկայացրել է մեր երկրում գործող ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության ընթացքը, ինչպես նաև հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, առաջիկա ծրագրերը, քննարկվելիք հարցերը՝ համագումարի ներկայացուցիչներին առաջարկելով հանգամանորեն ծանոթանալ դրանց և հստակեցնել, թե որքանո՞վ կարող են իրենք էլ օգտակար լինել այդ հարցերի լուծմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հետ կապված բազմաթիվ այլ հարցեր: