հինգշաբթի, 7 ապրիլի 2011
Հուշամեդալներով և շնորհակալագրերով պարգևատրվել են Տեղական ինքնակառավարման մարմինների կին աշխատակիցները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Մայրության և գեղեցկության տոնի ու տեղական ինքնակառավարման համակարգի կազմավորման 15-ամյակի առթիվ համակարգի կայացման գործում զգալի ներդրում ունենալու համար 10 կին աշխատակիցների պարգևատրել է հուշամեդալներով և շնորհակալագրերով։
Կառավարության ղեկավարը շնորհավորել է կին ղեկավարներին տոնի կապակցությամբ` փաստելով, որ նման միջոցառումների իրականացումով ընդգծվում է հասարակության մեջ կանանց դերի կարևորությամբ։ Նրա խոսքով, պարբերաբար տեղի ունեցող կլոր սեղան քննարկումները նպատակ ունեն բացահայտելու այն խնդիրները, որոնք առկա են, մյուս կողմից էլ դրանք օգնում են կառավարությանը գտնել ճիշտ ուղիներ` բոլոր կառավարման մարմիններում կանանց ընդգրկելու համար. «Այսօր խիստ արդիական խնդիր է, որ կանայք ավելի հաճախ ներկայացված լինեն բոլոր պետական և հասարակական կառույցներում` զբաղեցնելով պաշտոններ, կարծում եմ, մեր հասարակությունը դրանից կշահի»: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նախօրեին տեղի ունեցած ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի նիստում քննարկված հարցերին և նախաձեռնություններին։ Վարչապետ Սարգսյանը նշել է, որ կանանց դերակատարությունը մեր երկրում պետք է առավել կարևորվի. «Պետությունը պարտավոր է միջոցառումներ իրականացնել, որպեսզի ձեզ համար ստեղծվի բարենպաստ պայմաններ նաև քաղաքական կարիերա իրականացնելու համար: Հավաստիացնում եմ, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այս խնդիրը լուծվի»:
Վարչապետը հուշամեդալով պարգևատրել է Արմավիրի և Տավուշի մարզպետարանների աշխատակազմերի ղեկավարներ Փառանձեմ Կարապետյանին և Սվետլանա Դավթյանին: Շնորհակալագրերի են արժանացել տեղական ինքնակառավարման մարմինների մի շարք կին ղեկավարներ:
Միջոցառմանը մասնակցում էին նաև փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, տարբեր գերատեսչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։