երեքշաբթի, 6 փետրվարի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կազմավորման 5-րդ տարելիցի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին, որում ի մասնավորի ասված է. «ՈՒրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կազմավորման հինգերորդ տարելիցի կապակցությամբ:
Անվիճելի է քաղաքացիական հասարակության և իրավական պետության կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ Սահմանադրական դատարանի դերը մեր երկրի պետական ու հասարակական կյանքում: Կյանքի կոչվելով նորանկախ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական վերահսկողության գործուն համակարգ ստեղծելու հրամայականով՝ Սահմանադրական դատարանն անցած տարիների բեղմնավոր գործունեությամբ նվաճել է իր առաքելությանը պատշաճող վարկ և հեղինակություն, դարձել կայացած պետական կառույց:
Նրա ոչ երկարատև, սակայն արդյունավետ գործունեության փորձից բխող համապատասխան օրենսդրական ճշգրտումները հնարավորություն կտան ապահովել սահմանադրության գերակայությունը, երաշխավորել իշխանությունների տարանջատման սահմանադրական հավասարակշռության սկզբունքի պահպանումը, մարդու և քաղաքացու՝ սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:
Մաղթում եմ Ձեզ հետագա արգասավոր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»: