հինգշաբթի, 14 ապրիլի 2011
Ասիական զարգացման բանկի փոխնախագահը` կառավարությունում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը` բանկի մասնավոր հատվածի գծով փոխնախագահ տիկին Լակշմի Վենկատաչալամի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը կարևորել է, որ վերջին շրջանում Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության հարաբերությունները մտել են նոր փուլ, որը բնութագրվում է նորանոր ծրագրերով և ծավալների աճով:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի Հանրապետության տնտեսության դիվերսիֆիկացմանն և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելուն ուղղված ջանքերը, անդրադարձել են Զվարթոց միջազգային օդանավակայանի զարգացման խնդիրներին, ինչպես նաև հայկական մի շարք բանկերի հետ ԱԶԲ կողմից իրականացվող Առևտրի ֆինանսավորման ծրագրին:
Լակշմի Վենկատաչալամը ներկայացրել է ԱԶԲ մասնավոր հատվածի հետ համագործակցության ռազմավարությունը, որում կարևորվում են ենթակառուցվածքների, ֆինանսական հատվածի զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության, տարածաշրջանային զարգացման ու կրթության հիմնախնդիրները:
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ու գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորություններին: