ուրբաթ, 15 ապրիլի 2011
Կառավարության ղեկավարը մասնակցել է ոստիկանության 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:
Շնորհավորելով ոստիկանության բոլոր աշխատակիցներին և ողջունելով ներկաներին, կառավարության ղեկավարը կարևորել է ոստիկանությունում բարեփոխումների իրականացումը, ինչը գտնվում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում. «Կառավարության վերջին նիստերում նույնպես անդրադարձել ենք այն խնդիրներին, որոնք այսօր առկա են և, որոնց լուծումը մեր համոզմամբ կարող է էապես բարձրացնել վստահությունը ոստիկանության նկատմամբ` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը: Ես վստահ եմ, որ այդ կարողությունը կա, որովհետև ոստիկանությունը պրակտիկայում ցույց է տվել, որ կարողանում է այդ խնդիրները ժամանակին բացահայտել և ճիշտ լուծումներ տալ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը ՀՀ ԿԱ ոստիկանության 10-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առնթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գեներալ-մայոր Յուրի Մանուկյանին, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիականության գեներալ-մայոր Բորիս Ասրիյանին պարգևատրել է անվանական զենքերով: