երկուշաբթի, 18 ապրիլի 2011
Հայ-ռուսական արդյունաբերական նորարարությունների միջտարածաշրջանային ցուցահանդեսը մեկնարկել է Երևանում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված հայ-ռուսական արդյունաբերական նորարարությունների միջտարածաշրջանային ցուցահանդեսի պաշտոնական բացմանը։ Այն անցկացվում է «Դեպի նոր տնտեսական հեռանկարներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» խորագիրը կրող առաջին համաժողովի շրջանակներում։ Ցուցահանդեսին մասնակցում էին երկու երկրների մարզերի նորարարական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող 100-ից ավելի ընկերություններ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ու ՌԴ նախագահի աշխատակազմի միջտարածաշրջանային և օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների վարչության ղեկավար Սերգեյ Վինոկուրովի բացման խոսքից հետո վարչապետ Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի և պաշտոնատար այլ անձանց հետ շրջել է տաղավարներով, ծանոթացել երկու երկրների կողմից ներկայացվող արտադրատեսակներին, ընկերությունների ծրագրերին: