չորեքշաբթի, 29 հոկտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Մագրիոտիսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Զրույցի ընթացքում, նշելով Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտում, կողմերն ընդգծել են հայ-հունական տնտեսական կապերը ևս առավել զարգացնելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով նրանք հեռանկարային են համարել, մասնավորապես, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առևտրի, գիտատեխնիկական բնագավառները: Հունաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ իր երկրի գործարարները չնայած փոքր-ինչ զգուշավորությամբ են վերաբերվում Հայաստանում մեծ ներդրումներ կատարելուն, սակայն այդ երևույթը աստիճանաբար հաղթահարվում է: Այդ կապակցությամբ կողմերն անդրադարձել են նաև Արմենտելի խնդրին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է Արմենտելի հետ շարունակելու փոխշահավետ գործակցությունը, սակայն բարձր տեխնոլոգիների ոլորտում աշխարհում ընթացող զարգացումները հաշվի առնելով, ձգտում է իր երկրում ունենալ հեռահաղորդակցության, կապի ժամանակակից որակ և մակարդակ: Անդրանիկ Մարգարյանը նշել է նաև, որ հայկական կողմը մտադիր չէ մեկ ընկերության հետ կապված խնդիրները տարածել հայ-հունական միջկառավարական հարաբերությունների վրա, որոնք շատ ջերմ ու բարեկամական են: Համաձայնելով վարչապետի հետ, փոխարտգործնախարար Իոաննիս Մագրիոտիսը ևս հավաստել է բոլոր ոլորտներում հայ-հունական հարաբերություններն ավելի զարգացնելու իր երկրի կառավարության պատրաստակամությունը, ինչին, ըստ նրա, մեծ չափով կարող են նպաստել նաև երկու երկրներում պատմականորեն ձևավորված հայկական և հունական համայնքները: նա հայտնել է, որ հունական կողմը մի շարք ծրագրեր է մշակել, մասնավորապես, կրթության, առողջապահության, մշակույթի, լեզվի, երիտասարդության հարցերի ոլորտներում երկկողմ՝ այդ թվում նաև համայքների միջև համագործակցությունը զարգացնելու համար:
Շնորհակալություն հայտնելով Հունաստանում հայկական համայնքի նկատմամբ դրսևորվող բարեհաճ վերաբերմունքի համար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը ևս մեծ նշանակություն է տալիս մեր երկրում գոյություն ունեցող ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հունական համայնքի բարօրության ապահովմանը, իսկ ծագող խնդիրներին ավելի օպերատիվ լուծումներ տալու նպատակով կառավարությունում նախատեսվում է ստեղծել ազգային փոքրամասնությունների հարցերով հատուկ մարմին: