ուրբաթ, 29 ապրիլի 2011
Վարչապետը մասնակցել է հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարարների միությունների ներկայացուցիչների խորհրդաժողովին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում մեկնարկած Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարար միությունների ներկայացուցիչների խորհրդաժողովին, որի նպատակը «Հայկական առևտրական ցանց» ընկերակցության ստեղծումն է: Տիգրան Սարգսյանը կառավարության անունից ողջունել է խորհրդաժողովի մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք: Գործադիրի ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը, ՀՆԱ կառուցվածքն ու դրա փոփոխության միտումները` անդրադառնալով տնտեսության առաջ ծառացած խնդիրների ու մարտահրավերներին:
Խոսելով տնտեսական զարգացման առաջնայնությունների մասին, կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացիան, այդ ուղղությամբ ներդրումների խրախուսումն և ներկայացրել կառավարության կողմից տնտեսության զարգացմանն ու խթանմանն ուղղված քայլերը:
Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ տնտեսական բարեփոխումների համատեքստում առաջնահերթությունները տրվում են բիզնես միջավայրի բարելավման նպատակով հարկային ու մաքսային ոլորտների բարեփոխումներին: Կարևորելով խորհրդաժողովի անցկացումը՝ վարչապետը նշել է. «Հավաստիացնում եմ, այն օրակարգը, որ դուք ձևավորել եք, խիստ կարևոր է և հետաքրքրական մեզ համար: Արդյունաբերողների և առևտրականների միասնական ցանցի ձևավորումն էապես կավելացնի մեր բոլորի ներուժը: Այսպիսի միջոցառումները, կարծում եմ, կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, ինչում, համոզված եմ, բոլորս խիստ շահագրգռված ենք»:
«Հայկական առևտրական ցանց» ստեղծելու հիմնական նպատակն է ձևավորել գործող հայկական գործարար ընկերակցությունների (միավորումների) համահայկական ցանց, խթանել առևտրաարդյունաբերական պալատների կամ գործարար խորհուրդների ձևավորման գործընթացը և վերոհիշյալ կառույցներում ծագումով հայ գործարարների ներգրավումը, Սփյուռքի գործարար և համայնքային կառույցներին տեղեկատվություն տրամադրել Հայաստանի և Արցախի ներդրումային մթնոլորտի ու նոր ներդրումային հնարավորությունների վերաբերյալ և այլն: Խորհրդաժողովին մասնակցում են 9 երկրներից ժամանած շուրջ 30 գործարարներ: