հինգշաբթի, 30 հոկտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Բրինդիկովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ալեքսանդր Բրինդիկովը գոհունակություն է հայտնել այս օրերին Երևանում անցկացվող ԱՊՀ միջպետական հանձնաժողովի նիստի ընթացքից: Ըստ նրա, հանձնաժողովում ընթացող քննարկումները՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության, ռազմատնտեսական և գիտատեխնիկական արդիական խնդիրների վերաբերյալ, կնպաստեն ԱՊՀ անդամ պետությունների ջանքերի համակարգման և միավորման ուղիով ռազմատնտեսական ոլորտում նրանց միջև ինտեգրացիայի զարգացմանը, կոլեկտիվ անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության հետագա խորացմանը:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված «Գույք պարտքի դիմաց» պայմանագրի կատարման ընթացքին, Ռուսաստանի Դաշնությանը փոխանցված ձեռնարկությունների շահագործման, մասնավորապես, դրանց գույքագրման, արտադրանքի որակի ապահովման, տնտեսական մեխանիզմերի պարզեցման, արտադրության կազմակերպման ժամանակակից եղանակների յուրացման և այդ աշխատանքները միասնական, միջպետական ստանդարտներին համապատասխանեցնելու խնդիրներին:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը, քննարկելու ռազմատնտեսական գործակցության ոլորտում ծագող բոլոր խնդիրները և հնարավորինս աջակցելու դրանց լուծմանը: Նա ընդգծել է այդ գործընթացների իրավական ապահովման կարևորությունը ևս:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև միջպետական համագործակցության մի շարք այլ հարցերի: