ուրբաթ, 31 հոկտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված թեմական ներկայացուցիչների խորհրդակցական հավաքում
Վեհափառ Տեր,
Հայաստանի և Սփյուռքի գերաշնորհ և հոգեշնորհ հայրեր, առաջնորդական թեմի ներկայացուցիչներ, հավաքի հարգարժան մասնակիցներ և հյուրեր,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու, նրա աշխարհասփյուռ առաջնորդական թեմերի առավել համախմբմանն ու զորացմանը նպատակաուղղված ներկայացուցչական այս հավաքի հրավիրումը, որը համահայկական հոգևոր կյանքի նշանակալից երևույթներից է:
Հաշվի առնելով աշխարհում և մեզ մոտ կատարվող հասարակական ու քաղաքական տեղաշարժերը և հոգևոր կյանքի զարգացումները, մենք պետք է պատրաստ լինենք միասնաբար դիմագրավելու արդի բոլոր մարտահրավերները, ազգային մեր յուրահատկությամբ ու ավանդույթներով գտնելու դրանց հետ հարաբերվելու նոր ձևեր և ուղիներ: Հոգևոր ոլորտում այս խնդրի լուծման մեջ, անշուշտ, անփոխարինելի է 1700-ամյա Հայոց ազգային եկեղեցու առաքելությունը, որն այսօր ժամանակի պահանջներին համահունչ շարունակելու, կարևոր ու հրատապ խնդիրները շահագրգիռ քննարկման ենթարկելու նպատակն ունեին հավաքի հարգարժան մասնակիցները, և դա շարունակական գործընթաց է:
Հայաստանի անկախության առաջին իսկ տարիներից մեր պետությունն ու կառավարությունը ջանքեր են գործադրել Հայոց պետության և եկեղեցու միջ— հարաբերությունների կարգավորման, դրանց առավել սերտացման նպատակով: «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքը հիմնականում համապատասխանում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ ժողովրդավարու֊թյան չափանիշներին: Պետությունը չի կարող մտնել դավանաբանական վեճերի մեջ, քանի որ դա գլխավորապես եկեղեցու, կրոնական կազմակերպությունների գործն է: Մեր խնդիրը երկրում այնպիսի պայմանների ստեղծումն է, որտեղ լիարժեքորեն պաշտպանված լինեն թե՛ մարդու իրավունքները, թե՛ պետության ու ազգի շահերը: Այսօր մեր իրականության մեջ գործում են նորահայտ բազմաթիվ կրոնական կազմակերպություններ, որոնք իրենց էությամբ, դավանանքով խորթ են հայոց ազգային դիմագծին, և Առաքելական մեր եկեղեցու հոգսն ու պարտականությունը պիտի լինի՝ համախմբել մեր հայրենակիցներին եկեղեցու շուրջ: Կրոնական կազմակերպությունները հայտնվել են մրցակցային իրավիճակում և կարծում եմ, դուք մեծ դեր ունեք միմյանց և հասարակության հետ հարաբերությունները կարգավորելու գործում: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների կատարումից խուսափող աղանդավորական, ինչպես և ցանկացած այլ կազմակերպությունների գործունեությանը, ապա դրանք կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հարկ է նշել, որ պետությունը սեփականության իրավունքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է հանձնել բազմաթիվ պատմամշակութային հուշարձան֊ներ, Երևան քաղաքի տարբեր համայնքներում գործող հայորդաց տներ, հիմք է դրվել ազգային եկեղեցու պատմության դասավանդմանը հանրակրթական ոլորտում, հանրապետության զինված ուժերում գործում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր ծառայություն: Տարեցտարի Մայր եկեղեցու գործունեությունը ընդլայնվում է նաև ազատազրկման վայրերում, կալանավորների և դատապարտյալների շրջանում: Վերջապես պետության և եկեղեցու կապի ցայտուն դրսևորումներից մեկը եղավ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյա տոնակատարության անցկացումը, որը միջազգային լայն արձագանք ունեցավ՝ նպաստելով նաև հայրենիք-սփյուռք կապերի առավել սերտացմանը:
Այս ամենի նպատակը Հայոց ազգային եկեղեցու գործունեության համար նպաստավոր պայմանների ապահովումն է, պետական աջակցությունը ազգի հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում Մայր եկեղեցու դերի ու նշանակության մեծացումը: Նախատեսվում է, որ կառավարության աշխատակազմում առաջիկայում կստեղծվի նաև պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների հարցերով զբաղվող առանձին վարչություն:
Հուսով եմ, որ ներկայացուցչական այս հավաքը դավանանքի և ազգային-եկեղեցական կյանքի զարգացման կարևոր միջոցառում կդառնա, կնպաստի մեր ազգային ինքնության ամրապնդմանն ու համազգային միաբանությանը, պայմաններ կստեղծի բարոյական և օրինապահ քաղաքացու նկարագրի կերտման համար, ինչը էական նշանակություն ունի հայոց նորանկախ պետության զորացման հարցում:
Ցանկանում եմ ելույթիս ավարտին նաև վստահեցնել ձեզ, որ որպես ՀՀ վարչապետ և Հայաստանի Հանրապետական Կուսակցության ղեկավար, պարզապես իբրև պետության քաղաքացի, լինելով Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, իմ անձնական ջանքերն ու կարողությունները առավելագույնս կներդնեմ վերոհիշյալ խնդիրների լուծման համար:
Մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն հայոց անկախ պետության, ի զորություն Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և համայն հայ ժողովրդի: