ուրբաթ, 31 հոկտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամներին՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, միջազգային վարպետ Նելլի Աղինյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, թիմի մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը:
Վարչապետը նշել է, որ միջազգային ասպարեզում հայ շախմատիստուհիների խոշոր նվաճումը ևս վկայությունն է այն բանի, որ աշխարհին հայտնի հայկական շախմատային ավանդույթները նորանկախ Հայաստանում ոչ միայն չեն մոռացվել, այլև արժանի շարունակոներ ունեն: Դրանում, ըստ նրա, մեծ է նաև Հայաստանի նորաստեղծ շախմատի ակադեմիայի, մարզիչների վերջին տարիներին կատարած աշխատանքը՝ ստեղծագործական անհրաժեշտ մթնոլորտի ձևավորման, շախմատային նոր անունների հայտնաբերման գործում: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ կառավարությունը պատրաստակամ է առաջիկայում ևս աջակցել մեր երկրում այս մարզաձևի զարգացմանը, մասնավորապես, ՀՀ 2004 թ. պետական բյուջեում Հայաստանի շախմատի ակադեմիայի համար նախատեսվել է 40 մլն դրամ:
Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, կանանց հավաքականի անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ շախմատի զարգացման խնդիրների նկատմամբ դրսևորած շահագրգիռ վերաբերմունքի և գործուն աջակցության համար: Սմբատ Լպուտյանը նշել է, որ ակադեմիայի շենքային պայմանների բարելավումից հետո, հնարավոր կլինի կազմակերպել ավելի շատ թվով մրցաշարեր, առավել ակտիվորեն զբաղվել այսօրվա նվաճումները զարգացնելու, ներկա չեմպիոններին արժանի փոխարինողներ պատրաստելու գործով:
Հանդիպման ավարտին վարչապետը մեկական համակարգիչ է նվիրել նորընծա Եվրոպայի չեմպիոնուհիներին և նորանոր հաջողություններ մաղթել նրանց միջազգային մրցասպարեզներում: Նախորդ նիստում խրախուսման նպատակով նախատեսված 5 մլն դրամը ևս այսօր հանձնվել է չեմպիոնուհիներին: