շաբաթ, 1 նոյեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ երկու երկրների ղեկավարների, խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը լավ հիմք է ստեղծում նաև միջկառավարական գործակցության խթանման համար: Ըստ նրա, Հայաստանի կառավարության և Ազգային Ժողովի միջև գոյություն ունեցող փոխըմբռնումն ու սերտ համագործակցությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հայ-ռուսական գործակցության հետագա խորացմանն ուղղված համաձայնագրերի, պայմանագրերի, միջխորհրդարանական ասամբլեայի և միջկառավարական համատեղ հանձնաժողովի որոշումների կենսագործման համար:
Ընդգծելով, որ Հայաստանը Ռուսաստանի ամենավստահելի ռազմավարական գործընկերներից մեկն է, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը ևս հավաստել է բոլոր՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, կրթամշակութային և այլ ուղղություններով երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու իր երկրի իշխանությունների պատրաստակամությունը: Նա նշել է, մասնավորապես, հայ-ռուսական գործարար շրջանակների միջև ուղղակի կապերի զարգացման անհրաժեշտությունը: Սերգեյ Միրոնովը հայտնել է, որ 2004 թ. կեսերին Մոսկվայում անցկացվելիք տնտեսական գործարար համաժողովում նախատեսվում է առանձին ներկայացնել Հայաստանը և ցանկալի է համարել, որ մեր երկիրը լավագույնս նախապատրաստվի այդ շնորհանդեսին: Ըստ նրա, համաժողովի շրջանակներում կազմակերպվելիք ցուցահանդեսները, կլոր սեղանները հնարավորություն կտան տնտեսական ուղղակի կապեր հաստատել նաև համայնքների մակարդակով, վարչական առանձին սուբյեկտների գործարար շրջանակների միջև:
Ողջունելով այդ գաղափարը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը ամեն տարի ծրագրված աշխատանք է տանում նման ցուցահանդեսների, գործարար համաժողովների կազմակերպման կամ մասնակցության ուղղությամբ և արդեն բավականաչափ փորձ ունի: Նման միջոցառումները, ըստ նրա, լավ նախադրյալներ են ստեղծում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մեծացման, փոխշահավետ տնտեսական կապերի զարգացման համար: