ուրբաթ, 27 մայիսի 2011
Խորհրդակցություն պետական խորհրդանշանների հանրահռչակման վերաբերյալ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել պետական խորհրդանշանների հանրահռչակմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչմանը, արժևորմանը և հանրահռչակմանն ուղղված միջոցառումները: Միջոցառումների ցանկը ներառում է մի շարք ձեռնարկումներ` կրթական ծրագրերի իրականացում, գրքերի և ուսումնական ձեռնարկների հրատարակություններ, վավերագրական ֆիլմի նկարահանում ու ցուցադրություն, պետական խորհրդանիշների կիրառմամբ քաղաքացիական դաստիարակության, հայրենասիրական թեմաներով ֆիլմերի ցուցադրում, ինչպես նաև թանգարանային ցուցադրությունների և ցուցահանդեսների, մրցույթների կազմակերպում և այլն:
Օրակարգի մեկ այլ հարցով «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գործադիր տնօրեն Պավել Սարգսյանը հանդես է եկել պետական խորհրդանշանների օրը հունիսի 15-ին նշելու առաջարկությամբ, քանի որ 2006թ. հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները:
Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ ՀՀ մշակույթի նախարարության գլխավորությամբ` բաղկացած բոլոր շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքային խմբին հանձնարարվել է ներկայացնել 2011թ. հունիսի 15-ին կազմակերպվելիք միջոցառումների ծրագիր: