չորեքշաբթի, 8 հունիսի 2011
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի և Ավստրիայի վարչապետերի հետ
Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրակարգում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:
Այսօր կայացել է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ: Հանդիպումից հետո ՀՀ կառավարության ղեկավարը լրագրողներին տեղեկացրել է, որ քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության խնդիրներ: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանում վերջին զարգացումները, տնտեսական, ֆինանսական վիճակը, երկրի սպասելիքներն ու ակնկալիքները: Խոսվել է Ուկրաինայում ընթացող բարեփոխումների մասին: Ներկայացվել են առկա մակրոտնտեսական ցուցանիշները և Ուկրաինայի վարչապետի գնահատականները, թե իրենք ինչ ցուցանիշներով են ծրագրում ավարտել տարին: Քննարկվել է տնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցության հարցեր:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ավստրիայի վարչապետ Վերներ Ֆայմանի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես նշվել է, թե ինչ առաջնահերթություններ ունի Հայաստանը տնտեսության մեջ, և որոնք են փոխգործակցության զարգացման առումով Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող ճյուղերը: Հատկապես առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքահումքային արդյունաբերության, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտները: Կարևորվել է զբոսաշրջության բնագավառում ավստրիական ընկերությունների, օպերատորների փորձը կիրառելու հարցը, Հայաստանում Եվրամիությունից, մասնավորապես Ավստրիայից ներգնա տուրիզմը զարգացնելու հեռանկարները:
Ավստրիայի վարչապետը հետաքրքրվել է տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև ֆինանսական հատվածում ավստրիական կապիտալի մասնակցության խնդիրներով: «Մենք գիտենք, որ Ավստրիան ունի առևտրային բանկերի կապիտալում մասնակցության փորձ և նրանց առաջարկել ենք մասնակցել հայկական բանկերի կապիտալում, ինչպես նաև ներդրումային հիմնադրամների ստեղծման գործում: 2012թ. կգործեն կամավոր կենսաթոշակային հիմնադրամները, 2014թ.` պարտադիր կուտակային հիմնադրամները, իսկ դա նշանակում է, որ առաջատար ֆինանսական ընկերությունները նույնպես մեծ հետաքրքրություն կունենան Հայաստանում աշխատելու գործում»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Հայաստանի և Ավստրիայի վարչապետերի հանդիպմանը խոսվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Վերներ Ֆայմանը հետաքրքրվել է հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրով, նաև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ վերջին զարգացումներով ու տարածաշրջանային խնդիրներով:
Այցի ընթացքում նախատեսված է Տիգրան Սարգսյանի հանդիպումը նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ավստրիայում ՀՀ դեսպանատուն, այնուհետև պատասխանել է լրագրողների հարցերին: