չորեքշաբթի, 8 հունիսի 2011
Տիգրան Սարգսյան. «Վիեննայում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումը կոչված է բացահայտելու Եվրոպայի, Ասիայի, Կովկասի համագործակցության ներուժը»
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին նվիրված Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնական նպատակն է համաշխարհային զարգացումների ներքո դիտարկել տարածաշրջանային առկա խնդիրները, նաև' թե ինչպիսին կարող է լինել Եվրոպայի, Ասիայի, Կովկասի համագործակցության ներուժը:
«Շյոնբրուն» պալատում լրագրողների հետ հանդիպման ժամանակ` գնահատելով Վիեննայում ընթացող ֆորումի աշխատանքները` ֆորումին մասնակցող ՀՀ պատվիրակության ղեկավար վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ելույթ ունեցողները բացահայտում են առկա կարողություններն ու այն հնարավորությունները, որ ունի Եվրամիությունը, ակնկալիքները մեր երկրի նման պետություններից` Եվրամիությանն ավելի արագ ինտեգրվելու, ենթակառուցվածքները բարելավելու առումով: Քննարկվում է ինտելեկտուալ ռեսուրսների օգտագործման համար ավելի բարենպաստ պայմաների ստեղծման հարցը: «Այդ առումով քաղաքական գործիչների, խոշոր ընկերությունների ղեկավարների տեսակետները հնարավորություն են տալիս գնահատելու, թե ինչ զարգացումներ են մոտակա տարիներին սպասվում: Հավաքված են մարդիկ, ովքեր քաղաքական որոշումների վրա ունեն ազդեցություն և մարդիկ, ովքեր ձևավորևում են տեսլականներ», - նշել է ՀՀ վարչապետը:
ՀՀ կառավարության ղեկավարը կայցելի նաև ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) կենտրոնակայան, որտեղ հանդիպում կունենա գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշի հետ: