հինգշաբթի, 9 հունիսի 2011
Հանդիպել են Հայաստանի և Հունգարիայի վարչապետերը
Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տիրող տնտեսական վիճակը և իրականացվող բարեփոխումների ընթացքը: Իր հերթին, Վիկտոր Օրբանն անդրադարձել է Հունգարիայի տնտեսությանը, այնտեղ առկա վիճակին: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակում` տնտեսական բարեփոխումների և վերակազմավորման ընթացքի վերաբերյալ: Վարչապետերը միմյանց հրավիրել են այցելել իրենց երկրներ:
Նշենք, որ Վիկտոր Օրբանը հանդիսանում է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահը: Հանդիպման ժամանակ խոսակցություն է ծավալվել նաև ԵԺԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դիմել է ԵԺԿ-ի ասոցացված անդամակցության համար: