Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 հունիսի 2011

Բուժսպասարկման ոլորտում էական փոփոխություն է ակնկալվում





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին` 2011թ. հունիսի 21-ին ժամը 12։00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև ավելի վաղ ստորագրված պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ շտապ օգնության մոտ 9 տասնյակ ավտոմեքենաների ստացումը որակական էական փոփոխություն կառաջացնի բնակչության բուժսպասարկման ոլորտում։ Հատկանշական է, որ վերջին 20 տարվա ընթացքում բուժհիմնարկները դեռևս այսպիսի համալրում չէին ստացել։


Կապահովվի փոքր ավիացիայի թռիչքների անվտանգությունը

ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր «ՀՀ օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշման հավելվածով սահմանված կարգում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են փոքր ավիացիայի թռիչքների իրականացման համար 1։500000 մասշտաբի աերոնավիգացիոն քարտեզների ստեղծման և Հայաստանում կիրառվող թռիչքային սխեմաները Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) 9617 ձեռնարկի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Գործադիրն իր «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» նախկին որոշման մեջ նույնպես կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը սահմանվում է տարվա համար և ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակի համար հավասարաչափ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ կանոնադրական խնդիրները լուծելու նպատակով 25 մլն դրամով ավելացրել է վերջինիս կանոնադրական կապիտալը։ Այժմ Հայաստանում 5 հազարից ավելի ընկերություններ օգտվում են էլեկտրոնային ստորագրությունից, ներդրվել են էլեկտրոնային հարկային հաշվետվության, էլեկտրոնային արտոնագրման համակարգերը։ Ակնկալվում է, որ հաջորդ տարվանից ՓԲԸ-ն իր ծախսը կհոգա էլեկտրոնային ստորագրության վաճառքից ստացած շահույթով։
Իր երեք որոշումներով կառավարությունն ստեղծել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության մարզերի տարածքային մարմիններ, որոնք կնպաստեն տեսչության գործունեության արդյունավետության բարձրացմանը, գումար հատկացրել ՀՀ բնապահպանության և մշակույթի նախարարություններին` «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2011թ. պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով։


Հետագա զարգացում կստանա գիտության ոլորտը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
- ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրին և դրա միջոցառումների ժամանակացույցին, մի փաստաթուղթ, որը ոլորտի զարգացման թիրախային նպատակակետերի, դրանց հասնելուն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության գնահատման չափորոշիչների ամբողջությունն է,
-ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գերատեսչական ենթակայության փոփոխության ռազմավարությանը և դրա իրականացման 2011-2013թթ. միջոցառումների ժամանակացույցին, որոնցով ենթադրվում է նշված ուսումնական հաստատությունները հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ինչը կնպաստի մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերային վարույթի ամբողջական ներդրմանը,
-«Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրին, 2011-2015թթ. ռազմավարական ծրագրին և 2011թ. միջոցառումների ծրագրին, որոնցով սահմանվում են գենդերային բռնության դեմ պայքարի պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններն ու ընդհանուր ռազմավարությունը,
- ՀՀ ոստիկանության պահպանության համակարգի զարգացման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների ծրագրին,
-ՀՀ-ում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015թթ. պետական ծրագրին և միջոցառումների ցանկին։
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ՀՀ 2011թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները,
-«Հերիթեյջ ֆաունդեյշն», «Վորլդ էքոնոմիք ֆորում» և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունների կողմից տարեկան պարբերականությամբ հրատարակվող «Տնտեսական ազատության», «Համընդհանուր մրցունակության», «Ցանցային պատրաստվածության» և «Կոռուպցիայի ընկալման» ինդեքսների բարելավման միջոցառումների ծրագիրը, ինչը միտված է միջազգային գնահատումներում ՀՀ դիրքերի բարելավմանը։


Երկրում կիրականացվի պետական մատնադրոշմային գրանցում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում են ՀՀ պետական մատնադրոշմային գրանցում իրականացնելու նպատակները, սկզբունքները և տեսակները, կարգավորվում են պետական մատնադրոշմային գրանցման արդյունքում ստացված տեղեկությունն օգտագործելու, պահպանելու և ոչնչացնելու հետ կապված հարաբերությունները։ Կառավարության հավանությունն են ստացել ՀՀ քրեական և ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնցով առաջարկվում է ճշտումներ կատարել նշված իրավական ակտերում։
Գործադիրը քննության է առել «Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են, վերջին տարիներին մայրաքաղաքում առևտրային խոշոր օբյեկտների թվի ավելացումը հաշվի առնելով, օրենքով կարգավորել դրանց տեղակայման չափորոշիչները և խնդրին առնչվող իրավահարաբերությունները։ Կառավարությունն իր հերթին հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից, համագործակցել աշխատանքային խմբի հետ և նախագծին անդրադառնալ խմբի աշխատանքի ավարտից հետո։
Նիստում քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Բալասանյանի և Տաճատ Վարդապետյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունումը, հեղինակների կարծիքով, պայմանավորված է Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների և մայր հայրենիքի կենսական կապի ապահովման անհրաժեշտությամբ։ Գործադիրը դեմ է արտահայտվել նախագծին և հիմնավորել իր բացասական եզրակացությունը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքի շահագործման լրացուցիչ ծախսերը հոգալու նպատակով Մատենադարանին հատկացրել է 89 մլն 398 հազար դրամ։ Մեկ այլ որոշմամբ «Աշխարհի հայ նկարիչների միություն» ՀԿ-ին որպես նվիրատվություն տրամադրելու համար ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվել է 1 մլն 500 հազար դրամ` Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես-մրցույթի կազմակերպման շրջանակում պատկերագրքի հրատարակմանն աջակցելու նպատակով։
Իր նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև Մեղրի-Նուրդուզ սահմանային անցակետերի համատեղ օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրը որոշում է ընդունել ֆինանսավորել Արարատի մարզի Արտաշատի, Արարատի, Մրգանուշի համայնքների ղեկավարների, Դիտակի, Դվինի համայնքների ավագանու անդամների, Կոտայքի մարզի Գետարգելի համայնքի ղեկավարի 2011թ. հուլիսի 3-ի, Արագածոտնի մարզի Հարթավանի համայնքի ղեկավարի 2011թ. հուլիսի 10-ի, Շիրակի մարզի Ալվարի, Զարիշատի համայնքների ղեկավարների, Մարմաշենի, Հայկավանի, Կրաշենի համայնքների ավագանու անդամների 2011թ. հուլիսի 17-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Գործադիրն Արարատի մարզի Դալարի գյուղական համայնքի հողերի մի մասը փոխադրել է այլ կատեգորիա` հասարակական կառուցապատման նպատակով առևտրի կենտրոնի և ծխախոտի մթերման, չորացման արտադրամասի կառուցման համար։
Կառավարությունը որոշել է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի երեք տարի գործողության ժամկետով արտոնագիր տալ Արտաշատի «Օրիենտ ֆարմ» ՍՊԸ-ին։
Նկատի առնելով ջութակահար Հրաչյա Ավանեսյանի երաժշտարվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան` կառավարությունը նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև 2012 թ. գարնանային զորակոչը։
Կառավարության որոշմամբ 2011թ. հուլիսի 4-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է հուլիսի 9-ը` շաբաթ օր։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ