չորեքշաբթի, 22 հունիսի 2011
Տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի նիստ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի երրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստում ներկայացվել է «Արիակ» փակ բաժնետիրական ընկերության ընդլայնման ծրագիրը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն կարծիքներ են հայտնել ծրագրի վերաբերյալ:
Արծարծվել են Հայաստանում գյուղատնտեսության մեքենայացման և մեքենաշինության հիմնախնդիրները: Հարցի առնչությամբ կառավարության ղեկավարն առաջարկել է քննարկում կազմակերպել շահագրգիռ բոլոր մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ի թիվս օրակարգային այլ հարցերի, անդրադարձ է եղել առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին: Մասնավորապես, օրակարգային է համարվել ՀՀ-ում փոքր և միջին քիմիայի զարգացման ծրագրի և կենսատեխնոլոգիայի զարգացման հեռանկարների քննարկումը: