հինգշաբթի, 23 հունիսի 2011
Վարչապետն աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նորանշանակ ղեկավարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Արման Սահակյանին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին, Արման Սահակյանը փորձառու գործիչ է, ունի կառավարման հարուստ փորձ, տարբեր գերատեսչություններում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, և դա այն բանի գրավականն է, որ նոր պաշտոնում նա կկարողանա արդյունավետ կազմակերպել և իրականացնել աշխատանքները: «Այդ տեսակետից ես ցանկանում եմ շնորհավորել Արման Սահակյանին այս պաշտոնն զբաղեցնելու կապակցությամբ և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք: Համոզված եմ, որ աշխատանքային կոլեկտիվը կստեղծի այն մթնոլորտը, որը հնարավորություն կտա պարոն Սահակյանին միանգամից անցնել իր պարտականությունների կատարմանը: Միևնույն ժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Կիրակոսյանին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: Բավական մեծ բեռ էր դրված տիկին Կիրակոսյանի ուսերին, և մենք կարողացանք համատեղ ջանքերով բավական լուրջ բարեփոխումներ իրականացնել այս ոլորտում: Մենք հարգել ենք տիկին Կիրակոսյանի աշխատանքից ազատվելու դիմումը և ցանկանում եմ կառավարության և իմ անունից շնորհակալություն հայտնել նրան համագործակցության և կատարված աշխատանքների համար», - նշել է վարչապետ Սարգսյանը:
Կարինե Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել Արման Սահակյանին:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նորանշանակ պետ Արման Սահակյանը նշել է, որ իրականացնելու է բոլոր ծրագրերը և կառավարության կողմից կատարվող բարեփոխումները, ինչպես նաև ջանքեր է գործադրելու ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: