չորեքշաբթի, 29 հունիսի 2011
Հանդիպում ԵԽ-ի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայկական կողմի հրավերով` Եվրախորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստը Երևանում անցկացնելու նպատակով:
Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ ձեր հերթական հանդիպման վայրը Երևանն էր: Այն հարցերը, որ դուք քննարկել եք, արդիական են նաև մեզ համար: Մենք ուշադրությամբ հետևում ենք ձեր նիստերին, տեղեկանում, թե ինչ հարցեր են քննարկվում և ինչպիսի մոտեցումներ կան: Մեր նպատակն է` հնարավորինս զարգացնել տեղական ինքնակառավարումը Հայաստանում: Այդ տեսակետից ժողովրդավարության ամրապնդման համար տեղական ինքնակառավարման խնդիրները կարող են էական դերակատարություն ունենալ քաղաքացիական հասարակություն ձևավորելու առումով»:
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին ընդունելության համար և ներկայացրել իրենց երկրներում տեղական ժողովրդավարության վիճակը և զարգացման միտումները: Հանձնաժողովի նախագահ, ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանն խոսել է հանձնաժողովի գործունեության ուղղությունների մասին, ներկայացրել հանձնաժողովի նիստի աշխատանքների ընթացքը և Ստրասբուրգում հոկտեմբերին կայանալիք հաջորդ նիստում ներկայացվելիք զեկույցները: Նա նշել է, որ Ստրասբուրգից դուրս արտագնա նիստերը հնարավորություն են տալիս ավելի լավ ծանոթանալ անդամ երկրներին և խորացնել համագործակցությունը:
Կարևորելով տեղական ժողովրդավարության զարգացումը և ՏԻՄ կայացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը` կառավարության ղեկավարն ասել է, որ այս տարի նշվում է Հայաստանի ՏԻՄ 15-ամյակը, և այդ առթիվ ձևավորվել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողով: