չորեքշաբթի, 6 հուլիսի 2011
Կայացել է կառավարման խորհրդի հերթական նիստը
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի երկշարքանի երթևեկելի մասի քառաշարք երթևեկելի մասի վերակառուցման, Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի վերակառուցման և Երևան-Արարատ ճանապարհահատվածի ճանապարհային անվտանգության բարելավման կապալառուի ձեռքբերման մրցույթի պայմանները և կապալառուի հետ կնքվելիք պայմանագրի հատուկ պայմանները: Հարցի առնչությամբ ներկայացվել են 2011 թ. հունիսին Ասիական զարգացման բանկի և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի միջև կայացած տեսակոնֆերանսի արդյունքները: Կառավարման խորհրդի անդամներն իրենց տեսակետներն ու դիտարկումներն են արտահայտել քննարկվող հարցի կապակցությամբ: Ընդհանուր առմամբ հավանության արժանացնելով ներկայացված փաստաթուղթը` խորհուրդը որոշել է հիմք ընդունել այն մրցույթ հայտարարելու համար:
Մեկ այլ հարցով կառավարման խորհրդի քարտուղար է նշանակվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը:
Նիստում քննարկվել են նաև մի շարք ընթացիկ հարցեր: