ուրբաթ, 8 հուլիսի 2011
Մեկնարկել է ՀՀ կառավարության ղեկավարի աշխատանքային այցը Դոնի Ռոստով
Նախօրեին մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն։ Կառավարության ղեկավարը Դոնի Ռոստով է մեկնել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` 13-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Վարչապետի գլխավորած պատվիրակությանը Ռոստովի միջազգային օդանավակայանում դիմավորել են Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լևիտինը և Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը:
Այնուհետև Դոնի Ռոստովում հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի ներկայությամբ ստորագրվել է համագործակցության հուշագիր Արարատի և Ռոստովի մարզերի միջև: Հուշագիրն ստորագրել են մարզերի ղեկավարներ Էդիկ Բարսեղյանը և Վասիլի Գոլուբևը: Հուշագրով նախատեսվում է համագործակցություն սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթության և գիտության ոլոտներում:
Նշենք, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա այսօր` հուլիսի 8-ին։