շաբաթ, 9 հուլիսի 2011
Ավարտվում է ՀՀ վարչապետի այցը Դոնի Ռոստով
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր առավոտյան այցելել է Դոնի Ռոստովի հայկական նորակառույց Սուրբ Հարություն եկեղեցի, որտեղ մատուցվել է սուրբ պատարագ: Հայկական եկեղեցու կառուցման աշխատանքներն ավարտվել են այս տարվա մայիսին:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը կառավարության ղեկավարին ներկայացրել է հյուպատոսության գործունեությունը: Հյուպատոսության շենքում գործում է նաև հայկական մշակութային կենտրոն, որտեղ հայ համայնքը հնարավորություն է ունենում պարբերաբար կազմակերպել մշակութային միջոցառումներ:
Երևան ժամանելուց առաջ ՀՀ վարչապետը հանդիպել է Ռոստովի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակը, ծրագրերը և կառավարման մոդելը:
Կառավարության ղեկավարը պատասխանել է մեր հայրենակիցների հարցերին, որոնք վերաբերում էին տրանսպորտային հաղորդակցության խնդիրներին, զբոսաշրջության զարգացման հնարավորություններին, Հայաստան-Սփյուռք կապերին և այլն: