երկուշաբթի, 11 հուլիսի 2011
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնը
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 10-ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը: Թեև հորդառատ անձրևին` փառատոնի մեկնարկն անցավ նախատեսվածի համաձայն: Խորհրդանշական կարմիր գորգի վրայով կինոթատրոն մտան հյուրերը, որտեղ էլ հենց կայացավ բացման արարողությունը:
Փառատոնի բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, աշխարհահռչակ դերասաններ, ռեժիսորներ, այլք:
Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Ոսկե ծիրան»-ը երևանցիների կյանքը դարձնում է առավել հետաքրքիր: «Արդեն անհնարին է դարձել պատկերացնել ամառը` առանց այս փառատոնի, որը ստիպում է Երևանին ապրել այլ տրամադրությամբ»,- ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ կինոփառատոնը տարեցտարի կատարելագործվում է: «Կառավարությունը քայլեր կձեռնարկի, որպեսզի փառատոնը շարունակական լինի»,- ասել է ՀՀ վարչապետը:
Փառատոնի կազմակերպիչները հույս են հայտնել, որ 10-րդ փառատոնն արդեն կանցկացվի հատուկ փառատոնային կենտրոնում, որը հնարավորություն կունենա ընդունել շուրջ 1500 հանդիսատես: Աշխարհահռչակ դերասանուհի Ֆանի Արդանը համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացավ Փարաջանովյան թալլերի: Փառատոնը մեկնարկել է Աբաս Քյարոսթամիի «Վավերացված պատճենը» ֆիլմով: