չորեքշաբթի, 7 փետրվարի 2001
ՀՀ կառավարության օգոստոսի 17-ին ընդունած «ՀՀ Տավուշի մարզի զարգացման հիմնախնդիրների մասին» N492 որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրում ընդգրկված են արդյունաբերության և զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգետիկայի, քաղաքաշինության, առողջապահության, կրթության, բնապահպանության, տրանսպորտի, կապի և ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող 72 միջոցառումներ:
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ ամփոփվել է ծրագրի կատարողականը: Այդ խնդրում ներգրավված նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարները, Տավուշի մարզպետը զեկուցել են իրենց ոլորտներում իրականացված աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ միջոցառումների մի զգալի մասը նախատեսված ժամկետներում արդեն կատարվել է: Մասնավորապես, վերագործարկվել և ինքնուրույն ձեռնարկության կարգավիճակ է ստացել Բերդի «Թագազարդ» ՓԲԸ-ն, գործարկվել է Բագրատաշենի սահմանամերձ շուկայի մաքսակետը, լուծվել են գյուղացիական փոխօգնության բանկի մասնաճյուղի բացման, մարզի համայնքների գյուղացիական տնտեսությունները աշնանացանի որակյալ սերմացուով ապահովելու, երեք գյուղերի գազամատակարարման վերականգնման հիմնախնդիրները: Մշակվել է Այրումի պահածոների գործարանի բիզնես ծրագիրը, որը սկիզբ կհանդիսանա ձեռնարկության հետագա աստիճանական վերագործարկման համար: Հիմնվել է 41 հա դեղձի այգի Պտղավան գյուղի հողերի վրա, գյուղնախարարության հետ կա ժամանակացույց 2001թ. ևս 60 հա հիմնելու համար: Ավարտվել է մի շարք կիսակառույց դպրոցական և առողջապահական շենքերի շինարարությունը, իսկ մի մասի շինարարությունն ընդգրկվել է 2001թ. պետբյուջեում: Մարզի մի քանի համայնքներում իրականացվել են հեռուստատեսային ծրագրերի և հեռախոսակապի բարելավման աշխատանքներ: Լուծվել է եղատափ գյուղի էլեկտրամատակարարման խնդիրը: Վանաձոր-Դիլիջան, Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն միջպետական ճանապարհների վերանորոգման աշխատանքներն ընդգրկվել են Լինսի հիմնադրամի ծրագրում: Կատարվել է մարզի զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակման հանձնարարականը և մարզպետարանի ներկայացրած հայեցակարգը ընդգրկվել է հանրապետության զբոսաշրջության զարգացման ընդհանուր ծրագրի մեջ: Հարցը կարևորվել է նաև նկատի ունենալով հատկապես Հայատանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների կազմակերպման փաստը:
Ծրագրի մի շարք կետեր ընթացքի մեջ են: Քննարկման ժամանակ ծագած նոր հիմնախնդիրների վերաբերյալ վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին՝ նշելով կատարման որոշակի ժամկետներ, որոնք կիրականացվեն 2001թ. ընթացքում:
Ամփոփելով քննարկումը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բավարար է համարել Տավուշի մարզի զարգացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման ուղղությամբ համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների, Տավուշի մարզպետարանի կատարած աշխատանքները, որոնց շնորհիվ առաջադրված հիմնախնդիրների մի զգալի մասը հանվել է օրակարգից: