ուրբաթ, 15 հուլիսի 2011
Երիտասարդության խնդիրները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն տիկին Կորի Ուդովիչկիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է համագործակցությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ, անդրադառնալով սոցիալ-տնտեսական, մարդու իրավունքների և արդյունավետ կառավարման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին. «Մեր հանդիպումների ընթացքում հստակեցնում ենք համագործակցության ուղիները, և վստահ եմ, որ ձեր այցը նոր խթան կհանդիսանա գործակցության խորացման համար»,- նշել է վարչապետը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` տիկին Ուդովիչիկին գոհունակությամբ նշել է, որ ՄԱԿ –ի Զարգացման ծրագրի ջանքերը գնահատված են, ընդգծելով, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցության ոլորտում Հայաստանն առաջատարներից մեկն է` լինելով կարևոր գործընկեր: Նա նաև բարձր է գնահատել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը: Տիկին Ուդովիչկին ներկայացրել է նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեության ռազմավարությունն ու ուղղություններն առաջիկա տարիների համար:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ընթացող բարեփոխումներին, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրներին և կենսաթոշակային բարեփոխումներին:
Հանդիպման ավարտին ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև: Հուշագիրը ստորագրեցին խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:
Փոխըմբռնման հուշագիրը վերահաստատում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ կառավարության համագործակցությունը` երիտասարդական համապարփակ ազգային պլատֆորմի ստեղծման նպատակով, որը հնարավորություն կտա գործակցելու երիտասարդությանն առնչվող այնպիսի հարցերի ուղղությամբ, ինչպիսիք են ժողովրդագրական, զբաղվածության, կրթության և բնակարանային պայմանների բարելավման խնդիրները, ինչպես նաև հստակեցնելու ապագայի նկատմամբ երիտասարդ քաղաքացիների ակնկալիքներն ու ձգտումները:
Համագործակցության շրջանակներում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կաջակցի ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդին Երիտասարդության ազգային նոր զեկույցի մշակման գործում: