երեքշաբթի, 19 հուլիսի 2011
Չկատարված ծրագրեր չպետք է լինեն
Կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2011թ. 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդրիների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը:
Օրվա առաջին կեսին հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Մշակույթի և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները, Գիտության պետական կոմիտեի, Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարները: Դիմելով ներկաներին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Մենք այսօրվանից սկսում ենք կառավարության անդամների հաշվետվությունների լսումներն առաջին 6 ամիսների կատարողականի վերաբերյալ: Հիմնական շեշտադրումները պետք է լինեն գերակայությունները, նախարարների անձնական հսկողության տակ գտնվող հարցերը և տարվա կտրվածքով գնահատականները, թե ինչ ռիսկեր կան ծրագրերի կատարման ուղղությամբ»: Ներկայացնելով ոլորտում իրականացված աշխատանքները՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ գերատեսչության գերակայություններն են՝ նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացումը, Հանրակրթական ոլորտի բարեփոխումները, Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացումը և Բարձրագույն կրթության բարեփոխումները` ըստ Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղղությունների: Վերջինիս վերաբերյալ կառավարության ղեկավարը հանձնարարեց արագացնել աշխատանքներն ու դրանք ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում: Այնուհետև Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը անդրադարձավ Հետազոտական համալսարանի պիլոտային ծրագրի ձևավորման ընթացքին:
Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի՝ նախարարության գերակայություններից են՝ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը, ինտեգրված սոցիալական ծառայաությունների տրամադրման համակարգի ներդրումը, սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական բազաների արդիականացումն ու մանկատների խնդիրների լուծումը: Վարչապետը հանձնարարեց նոր թափ հաղորդել բարեփոխումների իրականացման ընթացքին, ինչպես նաև կազմակերպել կոնֆերանս՝ խոշոր ձեռնարկությունների ղեկավարների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, որտեղ կներկայացվեն բարեփոխումների էությունը, ինչը կենսաթոշակային բարեփոխումների մասին տեղակատվությունն ավելի հասանելի կդարձնի:
Մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերի գերակայություններն են՝ մշակութային ժառանգության պահպանության, մշակույթի հանրահռչակման և մատչելիության ապահովման խնդիրները: Նշված ուղղություններով գործադիրի ղեկավարը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հանձնարարեց արագացնել մշակութային ժառանգության թվայնացումը, թանգարաններում սենսորային կրպակների պատրաստումն ու համացանցային կայքէջերի միջոցով մշակութային ժառանգության ներկայացումը:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսավորման հայեցակարգի մշակման, Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական պետական քաղաքականության զարգացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման նպատակով ՀՀ երիտասարդության շրջանում համապարփակ ուսումնասիրությունների իրականացման, ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովելու և «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպման և անցկացման մասին զեկուցեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը:
Կառավարության ղեկավարը անդրադաձավ բոլոր գերատեսչությունների աշխատաքների ֆինանսական կատարողականին, ինչպես նաև աշխատակազմերի ընդհանուր գնահատականին: Վարչապետը նշեց, որ չկատարված ծրագրեր չպետք է լինեն: