ուրբաթ, 21 նոյեմբերի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի գլխավորությամբ: Ընդգծելով, որ չնայած հաճախակի փոխայցելությունների ընթացքում ձևավորված սերտ համագործակցությանը, այդուհանդերձ, ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ է նման ներկայացուցչական կազմով ժամանում Հայաստանի Հանրապետություն: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գործադիր իշխանությունների բավականին արդյունավետ փոխգործակցությունը կարող է լավ օրինակ հանդիսանալ նաև երկու հանրապետությունների օրենսդիր իշխանությունների համար: Անդրանիկ Մարգարյանը խոսել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի, տարբեր ոլորտներում նախարարությունների արդյունավետ համագործակցության մասին:
Հանդիպման ընթացքում ԼՂՀ ԱԺ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է Հայաստանի խորհրդարանում իր գլխավորած պատվիրակության ունցած հանդիպումների մասին՝ իր հերթին կարևորելով միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը: Զրուցակիցները կարևորել են տնտեսական դաշտում Հայաստանի և ԼՂՀ-ի օրենսդրության համապատասխանեցումը միմյանց: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է նաև ծրագրավորված աշխատանքի անհրաժեշտությունը, ԼՂՀ-ում, Հայաստանի օրինակով, միջնաժամկետ ծախսերի ծրագրի և տարբեր ոլորտներում որոշակի ծրագրերի ընդունումը: Այդ ամենում Անդրանիկ Մարգարյանը մեծապես կարևորել է խորհրդարանի դերն ու աջակցությունը կառավարությանը: ՀՀ վարչապետն ու ԼՂՀ ԱԺ նախագահը անդրադարձել են նաև իրականացվող ծրագրերի նկատմամբ վերահսկողության բարձրացման անհրաժեշտությանը: