ուրբաթ, 22 հուլիսի 2011
Քննարկվել են Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագրի իրականացման մանրամասները
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Սարգսյանը ներկաներին տեղեկացրել է, որ խորհրդի կազմում ընդգրկվել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ինչը պայմանավորված է Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագրի իրականացմանը շահագրգիռ գերատեսչության մասնակցության անհրաժեշտությամբ:
Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի քաղաքային զարգացման բաժնի մասնագետը մանրամասներ է ներկայացրել Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագրի իրականացման ուղղությունների և մեխանիզմների վերաբերյալ: Նշվել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի Երևանի կենտրոնը բեռնաթափելու խնդրին` Արտաշատի խճուղին միացնելով Աշտարակի խճուղուն, ինչպես նաև մայրաքաղաքը ՀՀ մարզերին կապելու քաղաքականության զարգացմանը։
Հաջորդիվ խորհուրդը քննարկել և հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Ծրագիր 1» (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի շրջանակում մշակված Երևան քաղաքի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցի նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման աջակցության խորհրդատուի տեխնիկական առաջադրանքի (TOR) շրջանակի և մրցույթի հետաքրքրության հայտ (EOI) ներկայացնելու հայտարարությունը:
Օրակարգի մեկ այլ հարցով հաստատվել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում մշակված տեխնիկական առաջադրանքների հիման վրա հայտարարված մրցույթների գնահատման հանձնաժողովի կազմը` բաղկացած շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից և անկախ փորձագետներից:
Նիստում որոշվել է կառավարման խորհրդի` քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի հարցերով քարտուղար նշանակել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալին: