շաբաթ, 30 հուլիսի 2011
Հերթական նիստը` կառավարությունում
Այսօր կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով խորհրդի անդամներին են ներկայացվել Աշտարակ-Թալին (Ծրագիր 2) ճանապարհահատվածի երկշարքանի երթևեկելի մասի քառաշարք երթևեկելի մասի վերակառուցման, Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի վերակառուցման (Ծրագիր 1) և Երևան-Արարատ (Ծրագիր 1) ճանապարհահատվածի ճանապարհային անվտանգության բարելավման կապալառուի ձեռքբերման մրցույթի պայմաններում և կապալի պայմանագրի հատուկ պայմաններում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից առաջարկվող փոփոխությունները: Խորհուրդը հաստատել է նշված փոփոխությունները և հանձնարարել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բադալյանին` մրցութային փաստաթղթերի լրամշակված տարբերակը ներկայացնել ԱԶԲ-ի պաշտոնական հաստատմանը:
Նիստում հաստատվել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2011 թ. ամփոփ բյուջեի ճշգրտված տարբերակը։