չորեքշաբթի, 3 օգոստոսի 2011
Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է հանքային, գազային և նավթային ոլորտում մասնագիտացած «International Minerals & Mines Limited» կազմակերպության ներկայացուցիչներին` ընկերության տնօրեն Ստեֆան Ֆիչի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կնպաստի մեր երկրում ներդրումների իրականացմանը:
Կողմերը քննարկել են ՀՀ-ում հանքահումքային ոլորտում իրականացվելիք ծրագրերին առնչվող մանրամասներ:
Հանդիպման ավարտին վարչապետ Սարգսյանի ներկայությամբ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության և «International Minerals & Mines Limited» կազմակերպության միջև: Հուշագիրն ստորագրել են` հայկական կողմից` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ «International Minerals & Mines Limited» ընկերության կողմից` ընկերության տնօրեն Ստեֆան Ֆիչը: Հուշագրի նպատակն է սահմանել կողմերից պահանջվող այն քայլերը, որոնք ուղղված են ձեռնարկության կողմից այրվող թերթաքարերի պաշարների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, ինչը ժամանակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կապահովի անհրաժեշտ պայմաններ՝ այս պաշարներն առևտրային հիմունքներով վերջնականորեն մշակելու համար:
***
«IMM Energy Limited» կազմակերպությունն ունի ամբողջապես սուբսիդավորվող ձեռնարկություններ` «IMM Energy Georgia» և «IMM Energy Armenia», որոնք գործում են Թբիլիսիում: Երևանում ձեռնարկությունը պատրաստվում է հիմնել «IMM Energy Armenia»-ի կենտրոնակայանը: Հայաստանում «IMM Energy Limited» կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է` վերհանել համապատասխան ներդրումային կապիտալը, ինչպես նաև ամբողջությամբ հետազոտել և մշակել մեր երկրի տարածքում գոյություն ունեցող այրվող թերթաքարերի պաշարները: