հինգշաբթի, 4 օգոստոսի 2011
Կառավարության նպատակը համահայկական ներուժն արդյունավետ օգտագործելն է
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստից հետո հանդիպել է Սփյուռքի նախարարության «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին: Վարչապետը պատասխանել է նրանց կողմից բարձրացված հարցերին, որոնք վերաբերել են հայապահպանությանը, սփյուռքահայերի հայրենադարձությանը և այլն:
Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեզ համար չափազանց կարևոր է, որ ամրապնդվի կապը սփյուռքի հետ: Դրա համար սփյուռքի նախարարության միջոցով մշակել ենք տասնյակ ծրագրեր, որոնց նպատակն է ձեզ կապել հայրենիքին: Քանի որ սփյուռքը բազմազան է, նշանակում է` գործիքները, որ մենք առաջարկում ենք, նույնպես պետք է բազմազան լինեն և համապատասխանեն սփյուռքահայության կարիքներին: Դրա համար ձեզ հետ շփվելով, քննարկումներ կազմակերպելով` մեզ համար բացահայտում ենք այն առաջնահերթություները, որոնք ձեզ համար կարևոր են` հայապահպանության գործն արդյունավետ դարձնելու համար», - ասել է վարչապետը: Ըստ նրա` այս տեսակետից կառավարությունն առաջնահերթ է համարում տարբեր միջոցառումների կազմակերպումը` նվիրված հայոց լեզվին, գրականությանը, եկեղեցու պատմությանը, որոնց շրջանակներում էլ սփյուռքահայ ուսուցիչները հրավիրվում են Հայաստան` վերապատրաստում անցնելու նպատակով:
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ բացվել են տարբեր կայքէջեր, որոնք հնարավորություն են տալիս օն-լայն ռեժիմով սփյուռքահայության ներկայացուցիչների հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: «Ստեղծել ենք պրոֆեսիոնալ համահայկական ասոցիացիաներ` տարբեր մասնագիտությունների ուղղվածությանբ: Ստեղծվել է Ազգային մրցունակության խորհուրդը, որն իր մեջ ներառում է սփյուռքում հաջողություների հասած գործարարների, ովքեր պատրաստ են Հայաստանի կառավարության հետ համատեղ քննարկել ծրագրեր, որոնք, մի կողմից, բարձրացնում են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցունակությունը, մյուս կողմից` օժանդակում համահայկական ծրագրերի իրականացմանը: Մենք անում ենք ամեն ինչ` համահայկական ներուժն արդյունավետ օգտագործելու համար»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով երիտասարդությանը համախմբելուն ուղղված ծրագրերին` գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ վարչապետի գլխավորությամբ գործում է երիտասարդական հիմնադրամ, որն իր մեջ է ներառում երիտասարդական հասարակական կազմակերպություններ: «Ունենք ֆինանսական միջոցներ, որոնք մրցութային կարգով ուղղում ենք հասարակական կազմակերպությունների ներկայացրած լավագույն ծրագրերի իրականացմանը: Իրականացվում են տարբեր տեսակի միջոցառումներ` սկսած ամառային ճամբարների կազմակերպումից ավարտած սեմինարներով, սպորտային միջոցառումներով և այլն», - նշել է վարչապետը:
Նրա խոսքով` ընթացքի մեջ են նաև երիտասարդների սոցիալական, կենցաղային խնդիրների լուծմանն ուղված ծրագրերը: «Մասնավորապես, Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է երիտասարդներին հիփոթեքային վարկերի տրամադրման ծրագիրը, որով պետությունն է սուբսիդավորում վարկային տոկոսադրույքները, որպեսզի երիտասարդների համար հիփոթեքային վարկերը հասանելի լինեն: Ծրագիրը բավական մեծ հաջողությամբ է իրականացվում, ընդ որում, նախապատվությունը տրվում է սահմանամերձ շրջանների երիտասարդներին», - ասել է Տիգրան Սարգսյանը:
Խոսելով հայրենադարձության վերաբերյալ` վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը մշակել և հավանության է արժանացրել հայրենադարձության մասին օրենքի նախագիծը: «Օրենքի նպատակն է` ցույց տալ սփյուռքահայերին, որ պետությունը նրանց համար իրականացնելու է հստակ միջոցառումներ, եթե նրանք ցանկություն ունենան վերադառնալ հայրենիք, ստեղծել այնպիսի պայմաններ, որ մեր հայրենակիցներն ունենան հնարավորություն` արագ տեմպերով հարմարվելու Հայաստանի պայմաներին` սկսած լեզվի իմացությունից ավարտած կենցաղային խնդիրներով»,- նշել է վարչապետը:
Նրա համոզմամբ` ի տարբերություն այլ պետությունների, Հայաստանն այլընտրանք չունի և իր տնտեսությունը պետք է կառուցի գիտելիքի հիման վրա: «Ավելին, մեր հասարակությունը նույնպես պետք է կառուցված լինի` հիմնվելով գիտելիքի վրա: Սա ընդհանուր գաղափարախոսություն է, որից էլ բխում են կառավարությասն ծրագրերը: Դա նշանակում է, որ 21-րդ դարում մեզ համար առաջնահերթություն պետք է լինի կրթությունը, այն պետք է համապատասխանի միջազգային ամենաբարձր չափանիշներին: Մեր նպատակն է` մոտակա ժամանակահատվածում հինգ համալսարան հասցնել միջազգային լավագույն չափանիշներին, որպեսզի նրանք անցնեն միջազգային հավաստագրում: Այսօր Հայաստանում երկու համալսարան գոյություն ունի, որ անցել են այդ հավաստագրումը` ամերիկյան և ֆրանսիական համալսարանները: Բայց մեզ անհրաժեշտ է, որ առնվազն ևս երեք համալսարաններ անցնեն այդ ուղին, քանի որ հենց նրանք են հանդիսանում նորարարական տնտեսության առանցքը: Մեր զարգացման հիմնական ռեսուրսը մեր ինտելեկտուալ կարողություններն են, որոնք պետք է օգտագործել», - նկատել է Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրին մասնակցում է առաջնորդական հմտություններով օժտված, համայնքային կյանքում ակտիվորեն ներգրավված 21-30 տարեկան սփյուռքահայ 24 երիտասարդ 10 երկրից` ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Էստոնիա, Նիդեռլանդներ, Իսպանիա, ԱՄԷ և Սիրիա: Ծրագրի նպատակն է` հայ երիտասարդ առաջնորդների համար ստեղծել փոխադարձ ճանաչողության դաշտ, կապել հայրենիքի հետ, ծանոթացնել ՀՀ պետական կառավարման համակարգին, երկրի ներքին և արտաքին քաղաքականության առանձնահատկություններին, ազգային մշակույթին, կազմակերպել հանդիպումներ պետական իշխանության ներկայացուցիչների հետ, մշակել հետագա համագործակցության ուղիներ: