երկուշաբթի, 8 օգոստոսի 2011
Գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտակարգ իրավիճակների նախարարները զեկուցել են գերակա խնդիրների կատարման ընթացքի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտակարգ իրավիճակների նախարարներն այսօր կառավարությունում հանդես են եկել ` 2011թ-ի 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդրիների կատարման ընթացքի մասին հաշվետվությամբ:
Ներկայացնելով ոլորտում իրականացված աշխատանքները՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ իր ղեկավարած կառույցի գերակայություններն են համայնքային աջակցության ծրագրերի միջոցով գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումն ու գյուղական բնակչության եկամուտների ավելացումը, հանրապետության առնվազն 40 համայնքում գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը, ագրարային ոլորտի տեղեկատվական և խորհրդատվական համակարգի բարեփոխումների միջոցով ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացումը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով նախարարության առաջնահերթ ծրագրերն են սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման քաղաքականության ճշգրտումը, Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի էական բարելավումը: Էկոնոմիկայի նախարարության այս տարվա գործունեության հիմնական ուղղություներից են նաև արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ձևավորումն ու դրա մեկնարկի ապահովումը, որակի ազգային ենթակառուցվածքի բարեփոխումների ծրագրերի իրականցումը:
Վարչապետը երկու նախարարությունների ղեկավարներին հանձնարարել է առկա մի քանի խնդիրների լուծումը վերցնել իրենց անմիջական հսկողության տակ և դրանք ավարտել նախանշված ժամկետներում:
Երևան քաղաքի առավել խոցելի մանկապարտեզներում, դպրոցներում սեյսմիկ և հրդեհային ռիսկերի գնահատման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում վտանգների ու ռիսկերի բացահայտման և գնահատման միասնական մոնիթորինգային համակարգի ձևավորման վերաբերյալ զեկուցել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ըստ նրա` նախարարության գերակա ծրագրերի թվում են նաև Հայաստանի Հանրապետության համայնքներում, հատկապես սահմանամերձ ու բարձր լեռնային բնակավայրերում արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման նպատակով կամավորական փրկարարական միավորումների հիմնումը, տեխնիկական անվտանգության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, տնտեսվարող սուբյեկտների հետ շփումների կրճատման ու մեկ պատուհանի սկզբունքի կիրառումը:
Կառավարության ղեկավարն անդրադաձել է բոլոր գերատեսչությունների աշխատաքների ֆինանսական կատարողականին, ինչպես նաև աշխատակազմերի ընդհանուր գնահատականին: