երկուշաբթի, 27 հոկտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Թայլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորայութ Պրոմպոյին:
Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու պետությունների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը: Նա նշել է, որ Հայաստանի և Թայլանդի միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում նախորդ տարիներին ձեռք բերված փոխշահավետ գործընկերության զգալի փորձը լավ հիմք է ստեղծում նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանման համար: Վարչապետն ընդգծել է հատկապես երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների, կազմակերպությունների և գործարարների միջև ուղղակի շփումների անհրաժեշտությունը՝ միմյանց ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Դրան, ըստ նրա, լավագույնս կարող է նպաստել գործարար համաժողովների կազմակերպումը: Խոսելով հայ-թայլանդական համագործակցության հեռանկարների մասին՝ Անդրանիկ Մարգարյանը կարևոր է համարել իրավապայմանագրային հիմքի ամրապնդումն ու կատարելագործումը, երկկողմ կապերի խթանումը նաև գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ բնագավառներում:
Դեսպան Սորայութ Պրոմպոյը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել Թայլանդի Թագավորության վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Համաձայնելով երկու երկրների միջև առևտրատնտեսական և այլ ոլորտներում գործակցությունը խթանելու Անդրանիկ Մարգարյանի տեսակետին, նա նշել է, որ Թայլանդի կառավարությունը պատրաստ է քննարկելու նշված բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի մշակման և ստորագրման հնարավորությունները:
Հանդիպման ավարտին դեսպանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հրավիրել է իրեն հարմար ժամկետում այցելել Թայլանդ: Վարչապետը շնորհակալությամբ ընդունել է հրավերը՝ կարևոր համարելով, որ նմանատիպ այցերը լինեն լավ նախապատրաստված, ունենան ավելի գործնական, և ոչ թե ճանաչողական բնույթ: Անդրանիկ Մարգարյանն իր հերթին դեսպանին խնդրել է Թայլանդի Թագավորության վարչապետին փոխանցել իրեն հարմար ժամկետում Հայաստան այցելելու հրավերը: