երեքշաբթի, 9 օգոստոսի 2011
Վարչապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի մշտական ներկայացուցչին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գրասենյակի մշտական ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի Ջիլանիին, ով ավարտում է իր գործունեությունը մեր երկրում:
Ողջունելով տիկին Մոշիրիին կառավարությունում` վարչապետը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և անձամբ ձեր դերն` ուղղված մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծմանը»: Տիգրան Սարգսյանն արդյունավետ է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործունեությունը և ծրագրերը, որոնք, ըստ նրա, նպաստում են նաև մանկատներում ապրող երեխաների` հասարակական կյանքին իտեգրմանը:
Իր հերթին, Լեյլի Մոշիրին շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին` բարձր մակարդակի համագործակցության և աջակցության համար, ինչն էլ եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի արդյունավետ աշխատանքի գրավականներից մեկը: Նա նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված կառավարության մոտեցումները մեծ նշանակություն են ունեցել բազմաթիվ սոցիալական ծրագրերի իրականացման գործում: Լեյլի Մոշիրին հավաստիացրել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է իր առաքելությունը մեր երկրում` ուղղված սոցիալական ծառայությունների մատուցման, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումների և ծրագրերի իրականացմանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի մշտական նոր ներկայացուցիչն իր առաքելությունը կստանձնի սեպտեմբերից:
***
Նշենք, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը մեր երկրում գործում է 1994 թ.-ից: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է` կյանքի առավել բարենպաստ պայմանների ապահովմանը, մանկական հիվանդությունների և մահացության կանխարգելմանը, հղիության և ծննդաբերության անվտանգությանը, կրթության իրավունքի ապահովմանը, դաժան վերաբերմունքի, թրաֆիքինգի դեմ պայքարին և այլն: