Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 29 օգոստոսի 2011

Տիգրան Սարգսյանը պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող հարցերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 27-ին Ծաղկաձորում հանդիպել է ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի հասարակական սեկտորը ներկայացնող անդամներին, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը պատասխանել է վերջիններիս հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են երկրի տնտեսական, պետական կառավարման մարմինների քաղաքականությանը, երիտասարդ ընտանիքներին ուղղվող սոցիալական ծրագրերի իրականացմանը և այլն:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը ոչ պաշտոնական խորհրդակցություն է անցկացրել վարչապետին առընթեր ազգային երիտասարդական խորհրդի հասարակական սեկտորը ներկայացնող անդամների հետ՝ քննարկել խորհրդի աշխատանքներին և ծրագրերին վերաբերող հարցեր:


Ստորև ներկայացվում է հանդիպման սղագրությունը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալ Արսեն Քարամյան - Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, Այսօր մենք հանդիպում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Սա նախաձեռնություն է, որը բխել է մի շարք հասարակական կազմակերպությունների առաջարկով և Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անդամների միջնորդությամբ: Բազմաթիվ կազմակերպությունների մոտ` թե՛ հասարակական, թե՛ ուսանողական, առաջացել են մի շարք հարցեր, որոնք ցանկություն ունենք քննարկել հարց ու պատասխանի տեսքով Ձեզ հետ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Եթե դեմ չեք, ես մեր հանդիպման համար նախաբան ասեմ` դրանով իսկ փորձելով փոքր-ինչ տրամադրել ձեզ, այսինքն` ուղղորդել ձեր հարցերը: Առաջին հերթին ցանկանում եմ, որպեսզի մենք ձեզ հետ միասին մտածենք ապագայի մասին: Երբ գալիս էի ձեզ հետ հանդիպման, մտածում էի, թե ինչ ասելիք ունեմ: Իհարկե, հասկանալի է, որ դուք էլ շատ ասելիք ունեք: Ես մտածում էի, թե ինչպիսի՞ն են ձեր պատկերացումներն ապագայի մասին, հայ ժողովրդի մասին, Հայաստանի Հանրապետության մասին, ինչպե՞ս եք դուք ընկալում ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, հայրենասիրական դաստիարակությունը: Հայրենասիրություն ասվածն ինչպե՞ս եք ընկալում, որովհետև ձեր պատկերացումներով է, ըստ էության, ձևավորվելու մեր երկրի ապագան, և սրանք են այն հարցերը, որոնք ինձ հետաքրքրում և մտահոգում են: Այս հարցերն են, որ կցանկանայի ձեզ հետ քննարկել, որպեսզի, մի կողմից, ձեզնից ստանայի այս հարցերի պատասխանը, մյուս կողմից` կարողանայի ներկայացնել, թե կառավարությունն այդ տեսակետից ինչ գործելաոճ է ընտրել:
Մեր քննարկման համար ես կառաջարկեի հետևյալ մեթոդաբանությունը.
Առաջին` եթե մենք ձեզ հետ միասին ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, և այդ փոփոխություններն ակնհայտ են, ակնառու են (և՛ շրջապատում, և՛ մեզանում), այդ փոփոխություններն ի՞նչ մարտահրավերներ են մեզ համար առաջ բերում: Կարո՞ղ ենք արդյոք մենք ձեզ հետ միասին բացահայտել այդ արագ փոփոխվող աշխարհի մարտահրավերները:
Երկրորդ` ելնելով այդ մարտահրավերներից` ձեզ հետ միասին կարողանայինք ձևակերպել հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների օրակարգը: Որո՞նք են այն առաջնահերթ խնդիրները, որոնք պետք է գտնվեն մեր ուշադրության կենտրոնում:
Այս հարցերն են, որոնց վերաբերյալ ես ունեմ իմ պատկերացումները, բայց կցանկանայի, որպեսզի դուք նույնպես ներկայացնեիք ձերը:

Հարց – Բարև ձեզ: Գոռ Ավագյան` Երիտասարդ քաղաքագետների միություն: Մեծարգո պարոն վարչապետ, Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից մեկն այն էր, որ երիտասարդ ընտանիքներին հնարավորություն ընձեռնվեր բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել: Բնակարանների հարցը կարծես թե ընթացքի մեջ է, իսկ ավտոմեքենաներինը ե՞րբ կսկսվի: Եվ մի հարց էլ ավտոմեքենաների հետ կապված. ի՞նչ եք կարծում ավտոմեքենաների մաքսազերծման ընթացակարգի ոչ թափանցիկության և ոչ հստակ լինելու մասին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Ինչ վերաբերում է կոնկրետ ձեր կողմից բարձրացված հարցին, բնակարանով երիտասարդ ընտանիքին ապահովելը չափազանց կարևոր խնդիր է, որովհետև պետությունը պարտավոր է ընտանիքների համար ստեղծել այնպիսի միջավայր, որ մարդիկ կարողանան իրենց աշխատանքով ձեռք բերել բնակարան, մեքենա, ապահովել իրենց բոլոր կենցաղային անհրաժեշտ պայմանները, և դա հնարավորություն կտա իրենց, որպեսզի ամբողջությամբ նվիրվեն նախընտրած, սիրած աշխատանքին: Պետության կարևորագույն պարտավորությունն է հենց այդպիսի միջավայրի ձևավորումը, որ ցանկացած մարդ Հայաստանի Հանրապետությունում գիտակցի, որ եթե նա ունի աշխատանք, եթե նա կարողանում է իր ինտելեկտուալ կարողություններն իրացնել Հայաստանի Հանրապետությունում, ապա նա չպետք է ունենա կենցաղային խնդիրներ և պրոբլեմներ: Իհարկե, խոսքն առաջին հերթին վերաբերում է բնակարանին, ավտոմեքենային, բնակարանը կահավորելուն, պատշաճ ձևով վերանորոգելուն և այլն: Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրում այս խնդիրները մատնանշված են: Այսօր արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում գործում է հիփոթեքային հիմնադրամը երիտասարդ ընտանիքների համար, և պետությունը, սուբսիդավորելով հնարավորություն է տալիս, որպեսզի երիտասարդ ընտանիքներն էժան վարկերի միջոցով ձեռք բերեն բնակարան: Սա վերաբերելու է նաև այլ կենցաղային ապրանքների, ինչպես նաև ավտոմեքենաների ձեռքբերմանը: Այսօր այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում Կենտրոնական բանկի կողմից, և վստահ եմ, որ շուտով այդ հայեցակարգը կներկայացվի ձեր դատին:
Մաքսազերծման մասով մենք ունենք լուրջ խնդիրներ, և դա վերաբերում է ոչ միայն մեքենաների, այլև բազմաթիվ ապրանքատեսակների մաքսազերծմանը և այն գործառույթներին, որոնք իրականացվում են մաքսային ծառայության կողմից: Մենք ներդնում ենք մաքսազերծման որակապես նոր համակարգ, որը հիմնված է լինելու ռիսկերի վրա կառավարման հայեցակարգի վրա, որի նպատակն է ստեղծել հնարավորինս պարզ գործընթաց մաքսազերծման համար, բայց միևնույն այն ժամանակ հնարավորություն է տալու պետությանը՝ բացահայտելու այն սուբյեկտներին, որոնք շատ հաճախ չարաշահում են մաքսազերծման գործառույթները` նպատակ ունենալով քիչ փող վճարել բյուջե: Հասկանալի է, որ կոպիտ մեթոդները, որ մենք այսօր կիրառում ենք, առաջին հերթին հարվածում են նրանց, ովքեր ազնիվ, արդար ձևով իրականացնում են մաքսազերծումը, և դրա պատճառը կայանում է նրանում, որ, ցավոք սրտի, դեռևս բավական մեծ է անօրինականության և ռիսկերի տեսակարար կշիռը, որոնք դրսևորվում են այդ ոլորտում: Մենք միջազգային կազմակերպությունների հետ միասին մշակել ենք մի հայեցակարգ, որը բավական արագ տեմպերով ներդնում ենք, և մեզանից դեռևս որոշակի ժամանակ է պահանջվելու, մինչ մեր մաքսազերծման գործընթացները համապատասխանեն եվրոպական լավագույն ստանդարտներին: Մենք Եվրամիության հետ ունենք Ազատ առևտրի համակարգին անդամակցելու ծրագիր, և մաքսային գործառույթներն այդ համաձայնագրի կարևորագույն տարրն են: Դա նշանակում է, որ մենք 3 տարվա ընթացքում մաքսազերծման բոլոր գործընթացները պետք է համապատասխանեցնենք եվրոպական լավագույն չափանիշներին: Միանգամից դա չենք կարողանում իրականացնել, որովհետև անմիջապես ունենում ենք բյուջետային եկամուտների կորուստ: Այդ պատճառով այս համակարգը մենք փուլ առ փուլ ենք ներդնում: Ահռելի մեծ ծավալի աշխատանքներ արդեն կատարված են, և ես վստահ եմ, որ փուլ առ փուլ դուք կտեսնեք, որ այդ բնագավառում մենք ունենք բարելավումներ: Ընդունում եմ ձեր բարձրացրած խնդիրը, այն է` այդ գործընթացները դեռևս ամբողջությամբ չեն համապատասխանում լավագույն ստանդարտներին:

Հարց – Ցոլակ Ակոպյան` Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ: Պարոն վարչապետ, Ձեր առաջ քաշած փիլիսոփայությունից բխեցնեմ իմ հաջորդ հարցը. հայ երիտասարդի հայրենասիրության պատկերացումը: Իմ համար հայրենասիրության կարևորագույն չափանիշներից մեկն այն է, որ երիտասարդը, ստանալով որակյալ կրթություն, այնուհետև կարողանա իր ստացած կրթությունը ներդնել իր պետության, պետական համակարգի զարգացման, կայացման գործում: Սակայն, ցավոք սրտի, այսօր շատ երիտասարդներ, ստանալով որակյալ կրթություն, պետական համակարգում չեն կարողանում նորմալ աշխատանք գտնել աշխատավարձի ցածր լինելու պատճառով, քան մասնավոր սեկտորում, և շատ ափսոս, շատ լավ մասնագետներ ստիպված մասնավոր սեկտորում են աշխատում, որովհետև պետական համակարգում աշխատելու համար ստիպված պետք է կաշառք վերցնեն: Ինձ նման շատ երիտասարդներ փորձում են հեռու մնալ այդ երևույթից, ու, բնականաբար, տուժում է պետական ապարատը: Կառավարությունն ի՞նչ ծրագրեր ունի, որպեսզի կարողանա լավ, որակյալ մասնագետներին պետական ապարատում աշխատանքի տեղավորել:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շնորհակալություն հարցի համար: Առաջին հերթին ցանկանում եմ ասել, որ հայրենասերները անհրաժեշտ են ոչ միայն պետական համակարգում, այլ նաև մասնավոր հատվածում: Դրա համար պետք է նշենք, որ եթե մեր բուհական համակարգը տալիս է ինտելեկտուալների, մենք պետք է ուրախ լինենք, որ այդ ինտելեկտուալներն աշխատում են թե պետական, թե մասնավոր համակարգում: Պետք է նշեմ նաև, որ դա հայկական ֆենոմեն չէ, որ մասնավոր հատվածում աշխատավարձն ավելի բարձր է, քան պետական համակարգում: Աշխարհի բոլոր պետություններում իրավիճակն այդպիսին է, և լավագույն մասնագետներն ամբողջ աշխարհում հիմնականում նախապատվությունը տալիս են մասնավոր հատվածին:
Իհարկե, պետությունը պետք է ամեն ինչ անի, որ կարողանա կառավարման արդյունավետ համակարգ ձևավորել և այնպիսի կադրային քաղաքականություն իրականացնել, որ մրցունակ լինի ինտելեկտուալ կարողությունների ներգրավման տեսակետից: Այդ առումով մեր կառավարման համակարգի բարեփոխումները հետապնդում են հենց ձեր կողմից բարձրացված նպատակը: Կարևորագույն մարտահրավերը, որ ծառացած է աշխարհի առջև արդյունավետ կառավարման համակարգի ներդրումն է: Այս խնդիրն արդիական է նաև զարգացած երկրներում, որովհետև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացահայտեց, որ նույնիսկ զարգացած երկրների կառավարման համակարգն այսօր ունի բազմաթիվ թերություններ և չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին: Գրագետ, բանիմաց մարդկանց ներգրավումը պետական կառավարման համակարգ զարգացած երկրներում նույնպես խիստ արդիական է: Ինչպե՞ս ենք մենք ծրագրում լուծել այս խնդիրը:
Առաջին հերթին կառավարման համակարգը պետք է լինի արդյունավետ: Մենք պետք է կարողանանք ձերբազատվել բազմաթիվ բյուրոկրատական գործառույթներից, որոնք մի կողմից, կառավարման համակարգը դարձնում են ոչ արդյունավետ, մյուս կողմից ընդհանրապես խոչընդոտում են մեր պետության զարգացումը, որովհետև եթե մարդն ստանում է քիչ եկամուտ, բայց ձեռք է բերում վարչարարական լծակներ, հասկանալի է, որ դրանք այլ նպատակի են ծառայելու (ոչ թե պետության, այլ առաջին հերթին իր անձնական կարիքների բավարարմանը): Սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը պետք է արդիականացվի: Արդիականացումը ենթադրում է նաև բազմաթիվ ֆունկցիաների կրճատում, ինչն իր հերթին նշանակում է աշխատատեղերի կրճատում, և ձևավորված ֆինանսական միջոցները կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը:
Առաջին քայլը՝ մենք քաղաքական որոշում կայացրեցինք, որ եթե մեր պետական կառավարման ինստիտուտներն արդյունավետությունը բարձրացնում են ավելորդ գործառույթների և աշխատատեղերի կրճատման միջոցով, ապա այդ առաջացած ֆինանսական խնայողությունները մնում են իրենց տնօրինության տակ և նրանք կարող են խրախուսել լավ աշխատողներին:
Երկրորդը` մենք ձևավորում ենք ֆինանսական ֆոնդեր, որոնց նպատակն է խրախուսել լավ աշխատողներին: Դա նույնպես չափազանց կարևոր գործառույթ է: Անհրաժեշտ է, որ տաղանադաշատ, արդյունավետ աշխատող մարդիկ գնահատվեն և առաջին հերթին ֆինանսական խրախուսման միջոցով:
Երրորդը` մենք ներդնելու ենք մի նոր մեխանիզմ, որը պայմանականորեն անվանում ենք «Գիլյոտին»: Կառավարությունում ստեղծվելու է մի գրասենյակ, որն ինվենտարիզացիայի է ենթարկելու կառավարման բոլոր գործառույթները, օրենսդրությունը և ավելորդները գցելու է գիլյոտինի տակ: Արդյունքում պետք է տեղի ունենա բյուրոկրատական քաշքշուկների, ընթացակարգերի և աշխատատեղերի կրճատում, պետական ապարատի փոքրացում, ինչը նույնպես նպաստելու է թե՛ կառավարման համակարգի բարելավմանը, թե՛ աշխատավարձի ֆոնդի ավելացմանը, որպեսզի մենք մրցունակ լինենք մասնավոր հատվածի հետ:

Հարց – Տիգրան Գրիգորյան` ներկայացնում եմ Երիտասարդական ակումբների դաշնությունը: Ցանկանում էի անդրադառնալ մարզերի համաչափ զարգացման խնդրին: Իսկապես, ժամանակակից աշխարհում ամենակարևոր ռեսուրսներից մեկը մարդկային ռեսուրսն է, և մենք նկատում ենք, որ մարդկային ռեսուրսը մարզերից ձգտում է դեպի մայրաքաղաք, մայրաքաղաքից էլ շատ դեպքերում՝ արտերկիր: Դուք որքանո՞վ եք գոհ մարզերի համաչափ զարգացման սկզբունքի իրականացումից, և արդյոք առաջիկայում կարո՞ղ ենք ինչ-որ միջոցառումներ սպասել ձեզնից` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ այս խնդրի ուղղությամբ դրությունն ավելի լավ տեսնելու համար: Շնորհակալություն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Կառավարության հինգ գերակայություններից մեկը տարածքային համաչափ զարգացումն է, քանի որ այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում (բոլոր ֆունկցիաների գերկենտրոնացվածությունը Երևան քաղաքում), խոչընդոտում է ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բնականոն զարգացմանը: Սա լրջագույն խնդիր է, որ մեր առջև ծառացել է: Մենք պետք է մեր քաղաքացիների համար ստեղծենք ապրելու, աշխատելու, ստեղծագործելու բարենպաստ պայմաններ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Մարդիկ առաջին հերթին գալիս են Երևան, որովհետև այստեղ աշխատանք գտնելու հավանականությունն ավելի մեծ է, կենցաղային պայմաններն ավելի բարվոք են, հանգստի, ժամանցի համար ավելի բարենպաստ պայմաններ կան, քան այլ քաղաքներում, և դա նշանակում է, որ մենք առաջին հերթին պարտավոր ենք մնացած բոլոր քաղաքներում նույնպես իրականացնել այնպիսի ծրագրեր, որ մարդկանց ապրելու համար լինեն հարմարավետ պայմաններ: Առաջին խնդիրը ճանապարհաշինարարությունն է, և մենք մոտակա տարիներին էլ մտադիր ենք մեծածավալ ֆինանսական ներդրումներ ուղղել ճանապարհների վիճակի բարելավմանը: Բացի ճանապարհներից` ջրամատակարարումը, էլեկտրաէներգիայով ապահովելը և, ինչն այսօր չափազանց կարևոր է՝ ինտերնետի հասանելիությունը: Այս բոլոր ուղություններով ունենք ծրագրեր, որոնք իրավիճակն արմատականորեն փոխելու են: Ճանապարհների որակը կտրուկ բարձրացնելու ենք՝ առաջին հերթին Ասիական զարգացման բանկի հետ մեկնարկած ծրագրի շնորհիվ: Հայաաստանի Հանրապետությունում այս տարվանից սկսած առաջին անգամ կառուցվելու են ժամանակակից ճանապարհներ: Այս ծրագրի իրականացման համար ծախսվելու է շուրջ 1,5 միլիարդ դոլար, որպեսզի հանրապետության ճանապարհները կարգի բերվեն: Առաջին անգամ մշակել ենք նաև մեթոդաբանություն և ներկայացրել հանրությանը. մենք պետք է կարողանանք օբյեկտիվ չափանիշներով համադրել մեր մարզերն ու քաղաքները, բացահայտել այն համայնքները, որոնք սոցիալ-տնտեսական զարգացման առումով զիջում են: Պետության ֆինանսական օժանդակությունն առաջին հերթին պետք է ուղղվի հենց այդ մարզերին և համայնքներին: Այս մեթոդաբանությունը հնարավորություն է տալու նաև ձեզ՝ վերահսկել կառավարության ֆինանսական քաղաքականությունը և տեսնել՝ արդյոք մենք արդյունավետ ենք տեղաբաշխում մեր ֆինանսական միջոցները, և արդյոք տարածքային համաչափ զարգացման ռազմավարության տեսակետից սուբսիդավորումը, որն իրականացնում ենք աղքատ համայնքներին, արդարացված է: Այդ մեթոդաբանության ներքո մենք բացահայտել ենք 120 առավել աղքատ համայնքները և այդ համայնքների համար լրացուցիչ ծրագրային փաթեթներ ենք առաջարկում՝ արտոնությունների, սոցիալական նպաստների, սուբսիդիաների տեսքով: Առաջին հերթին պետական օժանդակությունն ուղղում ենք հենց այդ համայնքներին՝ փորձելով հարթել սոցիալական անհավասար իրավիճակը:
Մեթոդաբանության մյուս ուղղությունը վարչական ֆունկցիաների դուրսբերումն է մայրաքաղաքից: Հայաստանը նույնպես պետք է ունենա մասնագիտացված քաղաքներ, ինչպես զարգացած երկրներում է: Օրինակ՝ պետք է ունենանք մշակութային, արդյունաբերական, ֆինանսական, իրավական հարցերով մասնագիտացված մայրաքաղաքներ: Այս հայեցակարգի ներդրումը հնարավորություն կտա այդ ֆունկցիաները հավասարաչափ բաշխել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, և երիտասարդների համար պարտադիր չի լինի իրենց կարիերան արդյունավետ իրականացնելու նպատակով անպայման գալ Երևան:

Հարց - Հարություն Ազգալդյան՝ Երիտասարդական խորհրդարանի նախագահ - Հարգելի պարոն վարչապետ, հետճգնաժամային ժամաանակահատվածում բոլոր երկրներն սկսեցին գիտակցել, որ երկրի կայուն զարգացման համար արտաքին առևտրի դրական տենդենցը շատ ավելի գնահատելի է: Այդ տեսակետից, բնականաբար, արտահանման ծավալների աճի անհրաժեշտություն է առաջանում: Երբ դիտարկում ենք Հայաստանի արտահանման ծավալները, դրանց մեջ զգալի տեսակարար կշիռ է կազմում հանքահումքային ռեսուրսների արտահանումը, ինչն իր մեջ ռիսկեր է պարունակում տնտեսության՝ այդ ոլորտից կախվածության առումով: Ինչպիսի՞ քայլեր է անհրաժեշտ կատարել ՝ դիվերսիֆիկացման աստիճանն այս ոլորտում բարձրացնելու համար:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Համաձայն եմ ձեզ հետ: Դա պետք է լինի կառավարության առաջնահերթություններից մեկը: Բայց այս հարցի պատասխանին կցանկանայի գալ ապագայի տեսլականից, որպեսզի ձեզ մոտ էլ ճիշտ ընկալումներ ձևավորվեն, թե ինչպիսի՞ն է ժամանակակից աշխարհը, և ինչպիսի՞ն է նրանում լինելու մրցակցությունը: Ժամանակակից աշխարհի շարժիչ ուժը ինտելեկտն է, նոր գիտելիք ստեղծելու կարողությունը: Զարգացած են համարվում ոչ թե այն երկրները, որոնք մեքենաներ են արտադրում, այլ այն երկրները, որոնք ստեղծում են գիտելիք, որի հիման վրա այդ մեքենաներն արտադրվում է: Այսինքն, ինդուստրիալ հասարակությունն իր տեղը զիջում է հետինդուստրիալ հասարակությանը: Այս երկու հասարակությունների տարբերությունները հենքային գործընթացի մեջ են: Եթե ինդուստրիալ հասարակության հենքային գործընթացը ապրանքների արտադրությունն է, ապա հետինդուստրիալ հասարակությունում՝ նոր գիտելիքի արտադրությունը: Ժամանակակից գիտելիքահեն պետությունը գնահատվում է նրանով, թե նրա կարողություններն ինչպիսի՞ն են և ինչպիսի՞ ենթակառուցվածքներ ունի այն՝ նոր գիտելիք արտադրելու համար: Հայաստանի Հանրապետությունն ի տարբերություն շատ այլ երկրների չունի այլընտրանք, քան ձևավորել գիտելիքի վրա հիմնված հասարակություն, քանի որ մեր հարաբերական առավելությունը պետք է լինի մեր ինտելեկտուալ կարողությունը: Զարգացման այս փուլում մենք ձեզ հետ միասին, ուշադրություն դարձնելով առևտրային հաշվեկշռի վրա, չպետք է մոռանանք, որ մեր նպատակն է՝ առաջին հերթին մասնագիտանալ գիտելիքի ստեղծման գործում: Միայն այդ պարագայում մենք կարող ենք մեզ համարել զարգացած ժողովուրդ, զարգացած երկիր: Այս տեսակետից դուք պետք է ձեր ուշադրության կենտրոնում պահեք նաև մեր երկրի վճարային հաշվեկշիռը և բացի ապրանանքների արտահանումից տեսնեք, թե ինչպիսի՞ եկամուտներ ենք ստանում ծառայությունների ոլորտից, ինչպիսի՞ պոտենցիալ ունենք այդտեղ, արդյո՞ք մեր ինտելեկտուալ կարողություններն ապահովելու են եկամուտներ: Մենք տեսնում ենք, որ այստեղ ունենք լուրջ առաջընթաց: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեզ մոտ աշխատում է շուրջ 5000 մարդ՝ նույնչափ, որքան հանքահումքային արդյունաբերության ոլորտում, բայց նոր արժեքի ստեղծման տեսակետից տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի մեծ ներդրում են ունենում (այստեղ աշխատավարձի մակարդակն ավելի բարձր է, քան հանքահումքային արդյունաբերությունում): Այսինքն, դա է մեր ապագան: Այդ է պատճառը, որ ոլորտը կառավարության ծրագրային առաջնահերթությունն է: Ունենք Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ, որը ղեկավարում է վարչապետը: Պարբերաբար հանդիպումներ ենք կազմակերպում այս ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկում այն խնդիրները, որոնց լուծումներն ապահովելու են ոլորտի արագ զարգացումը: Ցանկանում եմ տեղեկացնել, որ նույնիսկ ճգնաժամային՝ 2009թ., մենք այս ոլորտում ունեցել ենք 17 տոկոսանոց աճ: Սա մի կողմից բերելու է մեր տնտեսական համակարգի դիվերսիֆիկացիային, մյուս կողմից՝ ծառայությունների ոլորտի ընդլայնմանը, ինչպես նաև ֆինանսական հաշվեկշռի բարելավմանը: Դա է ապագան:

Հարց - Շուշան Բայաթյան՝ «Երիտասարդ իրավաբան» հասարակական կազմակերպություն - Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ նախորդ տարի մեր երկրում աղքատության մակարդակը 34,1 տոկոս է կազմել, 2008 թ.՝ մոտավորապես 23,5 տոկոս: Այսինքն, եթե 2008 թ. յուրաքանչյուր 4-րդ մարդն էր աղքատ, ապա 2010 թ.` յուրաքանչյուր երրորդը: Սա այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում Հայաստանն ունեցել է տնտեսական աճ: Ինչո՞վ է պայմանավորված կենսամակարդակի նման անկումը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Մենք այդ տարիներին տնտեսական անկում ենք ունեցել: Աղքատությունը չափվում է տարբեր մեթոդներով: Մենք ունենք աղքատության հաղթահարման ռազմավարություն և ծրագիր: Արդեն շուրջ 10 տարի է՝ այս խնդիրը մեր երկրի առջև ծառացած թիվ մեկ մարտահրավերն է, որովհետև 21-րդ դարում աղքատություն ունենալն անթույլատրելի է: Վերջին 10 տարիների ընթացքում մենք արձանագրել էինք լուրջ առաջընթաց, բայց ցավոք սրտի, 2009-2010 թթ. ունեցանք նահանջ, քանի որ տեղի ունեցավ լրջագույն տնտեսական անկում, ինչի պատճառով մեր բնակչության եկամուտները նվազեցին, իսկ դրա հետ զուգահեռաբար սոցիալական վիճակը վատթարացավ:
Մեր հակաճգնաժամային ծրագրի բովանդակությունը հետևյալն է. չնայած այն հանգամանքին, որ ունեցանք տնտեսական անկում և պետական եկամուտների կտրուկ նվազում, մենք ոչ միայն չպետք է կրճատեինք պետության սոցիալական ծրագրերը, այլ հակառակը՝ պետք է ավելացնեինք դրանք: Չնայած ունեցանք 14 տոկոսանոց տնտեսական անկմանը՝ բարձրացրեցինք թոշակները, անապահով խավերի սոցիալական նպաստները, որպեսզի ավելացնենք նրանց դիմադրողականությունը, որպեսզի նրանք կարողանան այդ ճգնաժամային իրավիճակն ավելի հեշտությամբ հաղթահարել:
Գնաճը 2009-2010 թթ. Հայաստանի Հանրապետությունում աղքատության խորացման երկրորդ պատճառն էր: Մենք ունեցանք գների աննախադեպ բարձր մակարդակ: Մեզ համար մշտապես թիրախային ցուցանիշը եղել է 3 տոկոսանոց գնաճը, իսկ ճգնաժամային տարիներին ունեցանք գնաճի երեք անգամ ավելի բարձր ցուցանիշ, որը հասավ մինչև 10 տոկոսի:
Այսօր իրականացնում ենք մի քաղաքականություն, որի նպատակն է խթանել տնտեսական աճը, դիվերսիֆիկացնել տնտեսությունը, իսկ մյուս կողմից՝ զսպել գնաճը: Արդեն իսկ ունենք այս տարվա առաջին յոթ ամիսների ինֆլյացիոն ցուցանիշները, որոնք վկայում են, որ մենք արդեն բարձր գնաճային փուլից տեղափոխվում ենք միջին գնաճային փուլ և մեզ կհաջողվի այս տարի ունենալ 5 տոկոսանոց գնաճ, որը երկու անգամ ավելի ցածր կլինի նախորդ տարվա գնաճից, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի՝ 2012թ. գնաճի դեմ պայքարելու համար: Մյուս կողմից, այս տարի կանխատեսում ենք 4,6 տոկոսանոց տնտեսական աճ և, բնականաբար, այն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի աղքատության կրճատման համար:

Հարց - Սևակ Մխիթարյան՝ «Փյունիկ» բասկետբոլային թիմի մարզիկ-Բոլորս էլ գիտենք, որ սպորտն ուղղակիորեն առնչվում է երիտասարդությանը, սակայն մեր երկրում առկա է դիսկրիմինացիա՝ հաշմանդամային սպորտի հանդեպ: Մասնավորապես, գիտենք, որ սպորտի ոլորտին պետության կողմից ընդհանուր առմամբ տարեկան հատկացվում է 4,2 միլիարդ դրամ, իսկ հաշմանդամային սպորտին՝ ընդամենը 9 միլիոն: Ի՞նչ չափորոշիչներով է իրականացվում այս քաղաքականությունը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Առաջին հերթին խոստանում եմ, որ ձեր բարձրացրած խնդիրը կվերցնեմ իմ հսկողության տակ՝ տեսնելու, թե սպորտային բյուջեն ինչպես ենք բաշխում և արդյո՞ք հաշմանդամներին հասանելիք գումարները ճշգրիտ են հաշվարկված: Երկրորդ, խոստանում եմ, որ մենք համապատասխան որոշումներ կկայացնենք, որպեսզի հաշմանդամների համար ստեղծենք ավելի բարենպաստ պայմաններ՝ սպորտով զբաղվելու նպատակով: Քանի որ արդեն սկսել ենք 2012թ. պետական բյուջեի քննարկումը՝ համապատասխան վերաբաշխումներ կանենք սպորտի ոլորտում:

Հարց - Միհրան Հակոբյան՝ «Երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոն» հասարակական կազմակերպություն - Պարոն վարչապետ, դուք շատ ճիշտ նկատեցիք, որ մեր պետության ապագան ինտելեկտուալ քաղաքացին է: Դուք կառավարության ղեկավարն եք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ: Ինչպե՞ս եք պատկերացնում ապագայում երիտասարդների և, հատկապես ինտելեկտուալ երիտասարդների քաղաքականությանը մասնակցելու հարցը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Համաձայն եմ ձեր հարցադրման հետ: Կարծում եմ, որ ապագայում մրցունակ կլինեն այն կուսակցությունները, որոնք կհամալրվեն երիտասարդ, տաղանդավոր մարդկանցով: 21-րդ դարն ինտելեկտուալ մրցակցության դար է, և մեր երկիրը պետք է ղեկավարեն ինտելեկտուալները, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվել ժամանակակից աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների շրջանակներում, կարողանան ճիշտ ռազմավարություն որդեգրել, մրցակցության մեջ բացահայտել մեր ազգի, պետության հարաբերական առավելությունները, դրանք սահմանափակող գործոնները: Կարծում եմ՝ մեր ազգի բարգավաճման և զարգացման ճանապարհը սա է: Այդ տեսակետից, այսօր մենք Հայաստանի Հանրապետական Կուսակցությունում նույնպես այդպիսի ծրագրեր ենք իրականացնում: Առաջին ծրագիրը, որ կցանկանայի մատնանշել, մեր համագործակցությունն է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության հետ: Մենք հայտ ենք ներկայացրել և ցանկանում ենք դառնալ այդ կուսակցության ասոցացված անդամ: Գիտեք, որ այդ կուսակցությունն այսօր Եվրախորհրդարանում ունի մեծամասնություն և ամենաուժեղ քաղաքական ուժն է Եվրոպայում: Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության հետ մեր համագործակցությունը ծավալվում է մշտական խորհրդակցությունների, համատեղ քննարկումների շրջանակներում: Երևանում համատեղ անցկացրել ենք սեմինար՝ նվիրված արժեքային համակարգին: Կուսակցությունների համար կարևոր խնդիր է, թե ժամանակակից աշխարհն ինչ արժեքների շուրջ է ձևավորվում, և ցանկացած կուսակցություն պետք է առաջին հերթին իր գաղափարախոսական հենքը ճշգրտի, իսկ դա այն արժեքն է, որով այդ կուսակցությունը ղեկավարվում է: Հենց այս բնագավառում է, որ մենք ունենք լուրջ անելիքներ: Երիտասարդների ինտելեկտուալ կարողություններն այստեղ պետք է օգտագործենք:
Հայաստանի Հանրապետության համար ապագայի օրակարգի ձևավորվան տեսակետից երեք հիմնարար հարց եմ տեսնում: Առաջինը՝ ինտելեկտուալ աղքատության հաղթահարման խնդիրն է, որը շատ ավելի արդիական է՝ ապագայի տեսլականի առումով: Եթե մենք հաղթահարենք ինտելեկտուալ աղքատությունը, կկարողանանք որպես ազգ հաղթահարել դժվարություններն ազգերի մրցակցության դաշտում: Օրակարգային երկրորդ կարևորագույն խնդիրը վերաբերում է մեր ինքնությանը: Սա հենց այն գործառույթն է, որը պետք է գտնվի կուսակցությունների ուշադրության կենտրոնում: Այս օրակարգով էլ մենք սեմինար անցկացրեցինք Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության հետ՝ հասկանալու համար, թե ժամանակակից Եվրոպան ճգնաժամը հաղթահարելուց հետո ինչ արժեքների շուրջ է ձևավորվում: Պետք է հասկանանք նաև, թե Հայաստանը, որը ներքաշված է եվրոպական ինտեգրացիոն գործընթացների մեջ, ինչպես է պատասխանելու առկա խնդիրներին, ինչպիսին է նրա պատասխանը՝ ինքնանույնականացման վերաբերյալ: Երրորդ խնդիրն ինձ համար մեր անվտանգության ապահովման մարտահրավերն է, որը ներառում է տնտեսական, ռազմական, քաղաքական և մշակութային անվտանգությունը: Սրանք այն մարտահրավերն են և մեր օրակարգային հարցերը, որոնք պետք է լուծեն հենց երիտասարդները:

Հարց - Վահագն Վարագյան, պարոն վարչապետ, Ձեր գործաելաոճը հասկանալի և ընկալելի է, սակայն ինձ հետաքրքրում է, թե ինչու ավելի կոպիտ աշխատելաոճ չեք ընդունում, օրինակ՝ հարցերը չեք լուծում ձեռքը սեղանին խփելով:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն, լավ հարց էր: Ինձ հաճախ են այս հարցը տալիս: Կա այսպիսի հասարակական պահանջ` մարդկանց պատժելու կոշտ, կոպիտ մեթոդների, պատժամիջոցների կիրառում: Անկեղծ ասած, ես այդ մոտեցման կողմնակիցը չեմ, որովհետև նման մոտեցման պարագայում, իրականում, մենք ոչ թե առաջ ենք գնում, այլ՝ հետ: Մեր նպատակն է փոխել մարդկանց վերաբերմունքը կառավարման մեթոդներին, ես կողմնակից եմ կոլեկտիվ, թիմային աշխատանքի, կոլեկտիվ որոշումների, իսկ դա նշանակում է, որ որոշումները, որ ես ընդունում եմ որպես վարչապետ, պետք է լինեն հավասարակշռված, պետք է քննարկվեն մեր թիմում, մեր թիմի ղեկավարի հետ և պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնք մեզ համար բացում են ապագան, նաև փոխում մարդկանց պատկերացումները կոպիտ, կոշտ մեթոդների նկատմամբ: Եթե մենք սկսենք կիրառել այդպիսի հին, հնամաշ մեթոդներ, ապա կկրկնենք այն բոլոր սխալները, որոնք եղել են նախկինում և առաջ չենք գնա: Ավելի լավ է մեզ շրջապատենք մտածող, ինտելեկտուալ մարդկանցով, որոնց համար ավելի կարևոր է ոչ թե կոպիտ, այլ՝ համոզմունքի մեթոդը, երբ ճիշտ բանավեճի արդյունքում ծնվում են ճիշտ որոշումներ: Ավելի ճիշտ կլինի, որ մենք այդ առումով ձեր՝ մտածող մարդկանց միջոցով, հասարակության ուշադրությունը սևեռենք ոչ հեշտ լուծումների վրա, որովհետև շատ հաճախ մարդկանց թվում է, թե բավական է, որ վարչապետը ձեռքով հարվածի սեղանին, և հարցերը կլուծվեն: Ցավոք սրտի, այդպես չէ. խնդիրները, որոնք այսօր մեր առջև ծառացած են, առաջին հերթին պահանջում են ինտելեկտուալ աշխատանք: Հեշտ լուծումներ չկան: Ես կախարդական փայտիկ չունեմ, որ բոլոր խնդիրները մեկ օրվա ընթացքում լուծեմ: Իմ կողմից նախընտրած մեթոդը հետևյալն է. մենք պետք է ուժեղացնենք մեր թիմը, համախոհների թիմը, որոնք նույն կերպ են պատկերացնում Հայաստանի Հանրապետության ապագան, որոնք միասնական քննարկումների շնորհիվ գալիս են միասնական լուծումների և հետո՝ նվիրումով այդ լուծումներն իրականացնում:

Հարց - Արտակ Շաքարյան, Երիտասարդ առաջնորդների դպրոց: Պարոն վարչապետ, շատ շնորհակալություն, որ դուք տոկուն և մանրակրկիտ ձևով պատասխանում եք մեր հարցերին: Մեր դպրոցի ընդունելության պրոցեսում կա մի փուլ, որտեղ դիմորդները վերլուծական շարադրություն են գրում: Այս տարի մոտ 500 դիմորդ պատասխանել է հետևյալ հարցին. ի՞նչ խորհուրդ կտայիք վարչապետին Հայաստանում իրավիճակը փոխելու համար: Եվ գերակշիռ մասը` մոտ 80 տոկոսը, պատասխանել է` կփոխեին հանրային մտածողությունը, մտածելակերպը: Ես շատ լավ հիշում եմ, որ դեռ Կենտրոնական բանկում աշխատելու ժամանակ Դուք ունեիք մտագործունեության վերաբերյալ նախաձեռնություն, և վարչապետ դառնալուց հետո ձեր առաջին քայլը էլեկտրոնային կառավարման համակարգի ներդնումն էր, որը, համաձայնեք, մտածողություն փոխող քայլ է: Ի՞նչ եք արել մինչև հիմա մտածողություն փոխելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Կարծում եմ, որ ժամանակակից կառավարությունների թիվ մեկ խնդիրը հետևյալն է. եթե մենք ձեզ հետ միասին փաստում ենք, որ ժամանակակից աշխարհի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ աշխարհն արագ փոփոխվում է, ուրեմն աշխարհի մասին մեր ընկալումները նույնպես պետք է փոխվեն: Մենք պետք է ձևավորենք հասարակություն, որն ի վիճակի է ապրել արագ փոփոխվող աշխարհում և ճշգրիտ արձագանքել այդ արագ փոփոխություններին: Եվ եթե կառավարությունը չկարողանա այդպիսի հասարակություն ձևավորել, ուրեմն այդ կառավարությունը կձախողվի, որովհետև կձախողվի այդ երկրի ապագան: Այս պնդումը ճիշտ է նաև մեր կառավարության համար, այսինքն` մենք պետք է ստեղծենք այդպիսի հասարակություն: Արագ փոփոխվող, արագ փոքրացող աշխարհում, մենք ինքներս մեզանից պետք է սկսենք, այսինքն` մենք պետք է մշտապես նորոգենք մեր աշխարհընկալումը, չվախենանք դրանից, կարծրատիպերի զոհ չպետք է լինենք: Եվ եթե մեր հասարակությունը տեսնի, որ կառավարությունն արդիականացնում է մտածողությունը, կարողանում է ժամանակակից մարտահրավերների ներքո դիտարկել բոլոր խնդիրները, դա կդրդի մեր քննադատներին նույնպես պատասխանել այդ հարցերին, իսկ դա նշանակում է, որ բանավեճը կլինի կառուցողական դաշտում և կնպաստի նոր մտածողության ներդրմանը:
Առաջին քայլերը, որ մենք կառավարությունում կատարեցինք, զարմացրեցին շատերին: Հետո դրանք դարձան քննադատության առարկա. ասում էին, որ չենք հաջողի: Բայց այսօր կարծես բոլորը համակերպվել են այն մտքի հետ, որ կառավարությունն աշխատում է էլեկտրոնային եղանակով: Փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ էլեկտրոնային է: Այդ համակարգը մենք ներդրել ենք բոլոր մարզերում ու համայնքներում: Կառավարության նիստերի ընթացքին մարդիկ հետևում են բաց և հրապարակային ձևով: Մենք ապահովել ենք աննախադեպ ծավալի տեղեկատվության հրապարակում, ունենք աննախադեպ բաց և թափանցիկ պետական բյուջե, որն այսօր իրականություն է: Դուք հենց հիմա կարող եք այցելել մեր կայքէջի բյուջեի բաժինը և տեսնել, թե ի՞նչ ծախսեր ենք կատարել` հասնելով մինչև մանրուքները: Քաղաքացին կարող է էլեկտրոնային եղանակով հետևել, թե իր նամակը կոնկրետ այս պահին ում մոտ է գտնվում և ինչ փուլեր է անցել: Այսօր սա արդեն նորմ է դարձել բոլոր գերատեսչությունների ղեկավարների համար: Մենք ներդրել ենք Mulberry համակարգ, որն ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետությունը:
Մեկ վայրկյանում վարչապետի հանձնարարականները հասնում են նախարարներին, մեկ վայրկյանում ստանում եմ նրանց արձագանքը այդ փաստաթղթերի վերաբերյալ: Այդ փաստաթղթերն արխիվացվում են, իրականացվում է վերահսկողություն, թե կատարողականն ինչպիսի՞ն է: Սա արդեն իրականություն է: Երեք տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ սա հնարավոր է: Մեզ ծաղրում էին, թե մենք պետական ապարատում ունենք մարդիկ, ովքեր չգիտեն թե ինչ է համակարգիչը: Այսօր իրականություն է, որ դուք կարող եք տնից դուրս չգալով 15 րոպեի ընթացքում գրանցել ձեռնարկություն: Սա իրականություն է, և պետք է անենք այնպես, որ մեր քաղաքացիներն այս ծառայություններից օգտվեն, իսկ դա անխուսափելիորեն բերում է մտածողության փոփոխության:

Հարց – Գաբրիել Բալայան, մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն ընձեռնված հնարավորության համար: Վերջերս շատ է խոսվում մեր երկրից ներդրումների արտահոսքի մասին, և մենք այսօր ունենք ազատագրված տարածքներ և Լեռնայի Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ այդ ներդրումների կարիքը ավելի շատ կա: Արդյո՞ք կառավարությունը որոշակի նորամուծություններ կամ նոր քաղաքականություն է նախատեսում, որպեսզի խթանի ազատագրված տարածքներում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներդրումները:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Վերջերս ես այցելել էի Լեռնային Ղարաբաղ, և իմ գործընկերոջ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հետ, քննարկել ենք տնտեսական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այն ծրագրերը, որ իրականացվում են: Պետք է ուրախությամբ նշեմ, որ մենք Լեռնային Ղարաբաղում արձանագրել ենք աճի կայուն տեմպեր: Բիզնես միջավայրը, որ այնտեղ ստեղծված է, բարվոք է և խիստ բարենպաստ ներդրումների համար: Այդ տեսակետից, կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը զիջում է Լեռնային Ղարաբաղին բիզնես միջավայրի ու բիզնես մթնոլորտի առումով, և դա ներդրողների համար լավագույն երաշխիքն է, որպեսզի նրանք ավելացնեն ներդրումները Լեռնային Ղարաբաղում:

Հարց – ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալ Արսեն Քարամյան: Պարոն վարչապետ ես ևս ուզում եմ մեկ հարց ուղղել Ձեզ ոչ որպես պետական երիտասարդական քաղաքականության պատասխանատու, այլ որպես շարքային քաղաքացի, որը շփվում է բազմաթիվ երիտասարդ մարդկաց հետ և բազմաթիվ երիտասարդ մարդկանց համար այնուամենայնիվ գլխավոր խնդիրը, եթե ձևակերպելու լինենք մեկ նախադասության մեջ, այն է թեինչպիսինն է լինելու Հայստանը 20 տարի անց: Ինչպե՞ս եք դուք այն տեսնում և լավ կլիներ իմանալ ձեր տեսլականը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն: Ցանկացած երկրի ապագան պայամանավորված է նրանով, թե այդ երկիրն ինչպիսի երիտասարդ սերունդ ունի, և այդ երիտասարդ սերունդն ինչ արժեքներով է ապրում, ինչ ինտելեկտուալ կարողություններ ունի, և որն է այն արժեքային համակարգը, որով այսօր երիտասարդ սերունդը զարգանում է: Շփվելով մեր երիտասարդների հետ` ես լավատեսության նոր լիցք եմ ստանում: Մենք ունենք տաղանդաշատ, բազմակողմանի զարգացած երիտասարդ սերունդ, և վստահ եմ, որ 20 տարի հետո Հայաստանը լինելու է հարյուրապատիկ ավելի ուժեղ, քան այսօր, հարյուրապատիկ ավելի ամուր կանգնած իր ոտքերի վրա և ավելի մրցունակ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալ Արսեն Քարամյան - Պարոն վարչապետ, հույս ունենանք որ առաջիկայում գոնե տարին 2 անգամ մեզ հնարավորություն կընձեռեք մեզ այս կարգի հանդիպումներ կայացնելու: Սա նաև ուսուցանող որոշակի ֆունկցիա ունի իր մեջ, և կարծում եմ, որ երիտասարդ մարդիկ միայն ու միայն շահած պետք է լինեն երկրի վարչապետի հետ որոշակի խնդիրների շուրջ զրուցելուց:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ