չորեքշաբթի, 31 օգոստոսի 2011
Կառավարության ղեկավարն այցելել է Լոռու և Գեղարքունիքի մարզեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Լոռու և Գեղարքունիքի մարզեր: Նոր ուսումնական տարվա նախօրեին վարչապետը Վանաձորում ներկա է եղել «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում վերակառուցված Ստեփան Զորյանի անվան թիվ 22 միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Տիգրան Սարգսյանը շրջել է ուսումնական հաստատությունում՝ ծանոթացել վերակառուցումից հետո ստեղծված պայմաններին:
Ստեփան Զորյանի անվան դպրոց հաճախող աշակերտների թիվը ներկայում հասնում է 192-ի, սակայն այն հնարավորություն ունի ընդունելու 360 աշակերտ: Դպրոցի վերակառուցման նպատակով ներդրվել է 467 մլն դրամ: Ուսումնական հաստատությունն ունի մարզական և հանդիսությունների դահլիճներ, նոր կաթսայատուն, լուսավորության, օդափոխության, հակահրդեհային, տեսահսկման և կենտրոնացված զանգի ժամացույցային համակարգեր: Այն ամբողջովին կահավորվել է, համալրվել կրթական և մարզական գույքով, ինչպես նաև համակարգիչներով:
Կառավարության ղեկավարը, շնորհավորելով դպրոցի աշակերտներին՝ կրթական հաստատության բացման և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, նշել է, որ դպրոցաշինությունը եղել և մնում է կառավարության առաջնահերթ ծրագրերի թվում. «Ձգտելու ենք անել հնարավորը, որպեսզի մեր երեխաները մշտապես կրթություն ստանան նման լավ պայմաններ ունեցող դպրոցներում», - ասել է Տիգրան Սարգսյանը:
Այնուհետև գործադիրի ղեկավարն այցելել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մերձակա մշակովի հողատարածքներ: Այստեղ շուրջ 50 հեկտար տարածքի վրա իրականացվում է ճակնդեղի, կաղամբի, գազարի և ցորենի մշակություն: Գյուղացիները կառավարության ղեկավարին են ներկայացրել գյուղանտեսական աշխատանքների արդյունքները, որոնք, ըստ նրանց, սպասվածից ավելին են:
Մասնավորապես, կառավարության գյուղատնտեսական պետական ծրագրի շրջանակներում հատկացված 6 տոննա ցորենի էլիտար սերմացուի մշակությունից 20 հեկտար տարածքի վրա ստացվել է շուրջ 100 տոննա բարձրակարգ ցորեն: Ըստ գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների՝ նախկինում ցորենի նման մեծաքանակ բերք այս տարածաշրջանում երբեք չի արձանագրվել: Գյուղացիները նշել են, որ մեկ հեկտար տարածքից ստացվել է միջինը 6 տ ցորենի բերք` նախկին 4 տ փոխարեն:
Ի դեպ, վերը նշված ցանքատարածքներում օգտագործվել է Հայաստանում արտադրված օրգանական պարարտանյութ:
Տիգրան Սարգսյանը զրուցել է գյուղացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և պատասխանել հետաքրքրող հարցերին: